Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուջեւանը նշեց հիմնադրման 140-ամյակը

Հունիս 28,2015 22:43

Հունիսի 28-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան համայնքում  նշվեց գյուղի 140-ամյակը: Ջուջեւանի կենտրոնում կայացավ հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ  երեխաների շուրթերով հնչեց ՀՀ օրհներգը, նրանց ձեռամբ կատարվեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում: Խաչքարի ճարտարապետը եւ քանդակագործը ջուջեւանցի Էդիկ Պետրոսյանն է, քարը նվիրաբերել է Ջուջեւանի բնակիչ Երվանդ Չիլինգարյանը, կոթողի կառուցմանը ֆինանսապես աջակցել է Կանադայում բնակվող ջուջեւանցի Գագիկ Իսրայելյանը: Միջոցառման մասնակիցները ծաղիկներով խոնարհվեցին հուշարձան-խաչքարին: Դրա շրջակայքը վերակառուցվել է, ձեւավորվել է մանկական պուրակ: Հանդիսավոր առիթով ներկայացված էին ջուջեւանցի նկարիչ Զավեն Պետրոսյանի նկարները, գյուղի դպրոցի ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանի ստեղծած գորգերը:

Xachqari bacum 2

Ջուջեւանցիներին գյուղի տարեդարձի առիթով շնորհավորեցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, «Չիլինգարյան-Մամիկոնյան» պատմազգագրական հասարակական կազմակերպության նախագահ , ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանը, Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը:

Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյան

Գյուղապետը հայտարարեց, որ 1874թ. Չիլինգարյան 4 եղբայրները հիմնել են Ջուջեւանը, սակայն Կովկասի փոխարքայի հրամանով Ջուջեւանը համայնքի կարգավիճակ է ստացել 1875թ. մարտին: Տավուշի մարզպետ Հ. Աբովյանը շնորհավորեց գյուղի տարեդարձը:

Xachqari bacum 3

Նա կարեւորեց հայոց եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը, նշելով, որ ինքը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ներկա է եղել հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին: Մարզպետն  ասաց, որ հայ ժողովուրդը կրելով ցեղասպանության զոհերի կորստյան ցավը, վերապրումի ուժ է գտել, հաղթել  եւ նոր հաղթանակներ կտոնի: Մելս Չիլինգարյանը շնորհավորելով Ջուջեւանի հոբելյանը՝ նշեց, որ 2010թ. հունիսի 28-ին ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է «Չիլինգարյան» հասարակական կազմակերպությունը, որն այժմ 10 հազար անդամ ունի Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում:

Ելույթ ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Սահակյանը, Ջուջեւանի դպրոցի աշակերտները  ներկայացրին գեղարվեստական հետաքրքիր ծրագիր գյուղի անցյալի, ներկայի, Ջուջեւանի խնդիրների վերաբերյալ:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներով այցելեցին Մեծ հայրենականում զոհված ջուջեւանցիների հուշարձանին, Ջուջեւանի տարածքում առաջինը՝ 1877 թ. հուղարկավորված հայորդու գերեզմանին: Միջոցառման ավարտին մասնակիցների համար Ջուջեւանի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ «Արզումանի աղբյուրում» հյուրասիրություն էր կազմակերպվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930