Այս պահին Բաղրամյան պողոտայում բավականին լարված ու փոխադարձաբար սպասողական իրավիճակ է: Ոստիկանության ու Բաղրամյան պողոտայում մնացած մարդկանց միջեւ գտնվող «չեզոք տարածքում» են քաղաքական, մշակութային գործիչներն ու լրագրողները: Հովհաննես Ազոյանը կոչ արեց կենդանի պատի հետ կապ չունեցողներին լքել «չեզոք» տարածքը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, գնահատելով ստեղծված իրավիճակը, Aravot.am-ին ասաց. «Սադրանքի համար լուրջ տարածք է ստեղծվել: «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը իր գնահատականը տվեց եւ իմ համոզմամբ շատ ճիշտ որոշում կայացրեց՝ տեղափոխվելով Ազատության հրապարակ: Ինձ համար անհասկանալի է, թե ովքեր են հիմա փորձում ուղղորդել շարժումը: Եթե շահարկվում է այն փաստը, որ երիտասարդները կարողացան բավականին ազնիվ, կոռեկտ իրենց պահանջները ներկայացնել, ինձ թվում է, որ ինչ-որ մարդիկ փորձում են դրանից օգտվել: Այս ընթացքում չեղան պարտվողներ: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ճիշտ որոշումներ կայացրին՝ չառաջնորդվելով կամ ամեն ինչ, կամ ոչինչ կարգախոսով: Ես կարծում եմ, որ իրենք իրենց հետագա քայլերում էլ հետեւողական կլինեն:
Հիմա սադրանքի լուրջ դաշտ է ստեղծվել: Ես չգիտեմ, թե ոստիկանությունն ինչ ծրագիր ունի, բայց կարծում եմ՝ պետք է իրավիճակը ճիշտ գնահատել: Վստահ եմ, որ այստեղ նստածների բացարձակ մեծամասնությունն այստեղ չեն եկել՝ լսելու նրանց, ովքեր փորձում են այս պահին ուղղորդել: Նաեւ հասկանալի է, որ արդեն քաղաքական որոշակի շեշտադրումներ կան, որը վտանգավոր է: Եկեք հուսանք, որ լուրջ բախումներ չեն լինի: Մենք, անձամբ ես, այստեղ ենք եւ փորձում ենք կանխել հնարավոր վատ զարգացումները: Իսկ թե ինչքանով կհաջողվի, չեմ կարող ասել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ