Հիմնադիր խորհրդարանի արդեն հեռացված անդամ Եղիա Ներսիսյանը հրաժարվեց պատասխանել Aravot.am-ի այն հարցին, արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ՀԽ-ի տարածած հայտարարությունն իր վերաբերյալ:
Եղիա Ներսիսյանի խոսքերով՝ հիմա հարմար պահը չի այդ մասին խոսելու. «Վաղը այս իրադարձությունները անցնեն, ես այդ մասին կխոսեմ: Ուղղակի անձնական խնդիր է»:
Մեր եւս մեկ ճշտող հարցին՝ արդյոք աղջիկների նկատմամբ իրո՞ք անբարո քայլեր արել է, Եղիան, այնուամենայնիվ, հրաժարվեց պատասխանել:
Ինչ վերաբերում է «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարությունից հետո քայլերին, Եղիան ասաց, որ այն ինչ կորոշի ժողովուրդը, դա էլ կանենք:
Կարդացեք նաև
Մեր հարցին ոստիկանությունը մինչեւ 23:00-ն ժամանակ է տվել, եթե անգամ նախաձեռնող խումբը եւ հավաքված հանրությունը որոշի լքել պողոտան, արդյո՞ք այս միջոցառումը՝ նկատի ունենք երգն ու պարը, կշարունակվի մինչեւ 23:00-ն, Եղիան ասաց, որ «ոստիկանությունը որոշել է ցրել, ինչ կլինի, չեմ կարող ասել»:
Մեր այն դիտարկմանը, որ այս պահին կենդանի պատ գոյություն չունի, որեւէ պատգամավոր, հայտնի անձինք, որոնք մինչ երեկ այստեղ էին, չկան, Եղիան ասաց, որ այո, զարմանալի է, որ չկան, ներքեւում էլ բավականին շատ ոստիկաններ կան, պիտի ամեն ինչ անենք, որ բախում չլինի:
Նշենք, որ այս պահին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ու փոխոստիկանապետերն են այստեղ ու հետեւում են իրադարձությունների Սահմանադրական դատարանի առջեւի եղեւնու տակ նստած:
Նկատենք, որ «կենդանի պատում», այնուամենայնիվ, մեկ պատգամավոր կար՝ Էդմոն Մարուքյանը:
Իսկ Բաղրամյան-Մոսկովյան հատվածում գրեթե բոլոր ծառերի եւ թփերի մոտ, անգամ՝ Սարյանի արձանի մոտի Վերնիսաժի նկարների հետեւում, սրճարաններում ոստիկաններ էին հավաքված:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ