Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե այստեղ ենք, ուրեմն մինչև վերջ գնալու ենք»

Հունիս 28,2015 17:57

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան՝ հերքելով շրջանառվող լուրերն այն մասին, թե խումբը ցրվել է:2015-06-28 13.02.57

Բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից Գրիգոր Ղահրամանյանը նույնպես հերքեց այդ լուրերը. «Այդպիսի բան չկա: Մենք միասին ենք: Իսկ թե ինչ է նախատեսվում ապագայում, չեմ կարող ասել, բայց մենք հաղթելու ենք: Հիմա փորձում ենք արագացնել մեր հաղթանակը, որպեսզի շատ չխախտենք ժողովրդի անդորրը: Դրա համար մեզ պետք են իրավաբաններ, տնտեսագետներ, որոնք կօգնեն ավելի ճիշտ ձևով գնալ առաջ: Անձամբ ես մինչև վերջ գնալու եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:2015-06-28 13.12.36

Արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝  Գրիգոր Ղահրամանյանն ասաց. «Կներեք, բայց նախագահի ասածն ինձ համար մարդկանց ցրելու ձև էր: Հանրապետական կուսակցությունում ասում են՝ մեխն էլ է մեր ձեռքում, մուրճն էլ, ինչ կուզենք՝ կանենք, բայց մենք թույլ չենք տա, որովհետև հոգնել ենք ապօրինություններից, անհիմն թանկացումներից, ամեն-ամեն ինչից: Ի վերջո, կառավարությունը պետք է հասկանա, որ ինքը մեզ համար բարեկեցիկ կյանք պիտի ապահովի, ոչ թե ստրկացնի: Կամ ի՞նչ է նշանակում՝ կառավարությունը բեռը կվերցնի իր վրա: Բնականաբար, նա իր գրպանից չի տալու, տալու է բյուջեից, իսկ եթե բյուջեն սկսի ճեղքվել, դա իր հետ կբերի նոր թանկացումներ: Եթե չթանկանա, ուրեմն ուրիշ երկրներից պիտի պարտք անենք: Դա էլ նշանակում է, որ արդեն մեր երեխաներն ու թոռներն են ստրկանալու: Մենք չենք կարող դա թույլ տալ: Ուզում ենք որպես արժանապատիվ մարդ ապրել Հայաստանում, ոչ թե լինել ստրուկ, աշխատել-աշխատել ու կարողանալ միայն կոմունալները վճարել: Այսօրվա նվազագույն աշխատավարձով մարդը հազիվ կոմունալ վճարումներն է կարողանում անել»:2015-06-28 12.53.01

Բաղրամյան պողոտայում հավաքվածները վստահեցնում են, որ ոչինչ չի կարող իրենց ստիպել, որ նահանջեն: Շատերից կարելի է լսել «Եթե այստեղ ենք, ուրեմն մինչև վերջ գնալու ենք» նախադասությունը: Նրանք շարունակում են երգել ու պարել՝ չմոռանալով պարբերաբար կրկնել՝ «Հաղթանակ», «Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Հաղթելու ենք» և այլ բառեր ու նախադասություններ:

Դանիել Երաժիշտը հիացած է Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց միասնականությամբ, սակայն դժվարանում է ենթադրություններ անել, թե ինչով կվերջանա այդ ամենը. «Միայն կարող եմ ասել, որ շատ անգամներ են խաբել, և զարմանալի է, որ խաբողները մոռանում են, որ խաբել են, բայց խաբվողները միշտ հիշում են: Հիմա եթե անգամ որևէ արտաքին կոսմետիկ փոփոխություն անեն, անպայման մի ավելի վատ բան են անելու: Համենայն դեպս, մինչև հիմա այդպես է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930