Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրային քննարկում է նախաձեռնում

Հունիս 28,2015 19:28

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հրապարակեց իրենց հայտարարությունը: Այստեղ վերաշարադրված էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումից հետո տեղի ունեցած իրադարձությունները, ոստիկանության կողմից իրականացված բռնությունները, որոնք քննադատվեցին միջազգային հանրության կողմից: «Շարժումը դատապարտում է բոլոր տեսակի քաղաքական շահարկումները եւ ծայրահեղական մոտեցումները»,- հայտարարեց Վաղինակ Շուշանյանը:

Նաեւ առաջարկեց անցկացնել հանրային քննարկում, որի արդյունքում կկայացվի որոշում, եւ շարժումը կմիանա ժողովրդի որոշմանը:

Վաղինակ Շուշանյանը առաջարկեց բաժանվել խմբերի, եւ քննարկել հարցը: «Ուղղակի հարցրու՝ մնո՞ւմ ենք, թե՞ չենք մնում»,- հուշեցին նրան:

Նշենք, որ այսօր նոր կարգախոս էր ավելացել. «Չմոռանանք՝ ինչի ենք հավաքվել»: Մինչ հայտարարության հրապարակումը՝ երիտասարդները շղթա էին կազմել: Հնչում էին վանկարկումներ. «Ժողովուրդ ջան, մեր հավաքը խաղա՞ղ է, չէ՞»:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին` ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին: Համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:

Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»:

Սերժ Սարգսյանը նաեւ հավելել էր. «Չափն անցնել որևէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան և օգնե՛ք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930