Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ես կողջունեմ տղաների այդ քայլը»

Հունիս 28,2015 15:48

Որոշումը պետք է կայացնեն երիտասարդները, որոնք այս հինգ օրերի ընթացքում, իսկապես, մեծ դպրոց անցան: Սա իսկապես դրական ու բացառիկ քայլ էր, որի արդյունքում նրանք շատ բանի են հասել: Ես կարծում եմ, որ նրանք կկարողանան ճիշտ որոշում կայացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն, որը Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի երկրորդ օրվանից «կենդանի պատի» մեջ է ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

Հիշեցնենք, երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը, իշխող ՀՀԿ-ի առաջին դեմքերի հետ քաղաքական խորհրդակցությունից հետո հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ողջ բեռը կառավարությաունն իր վրա կվերցնի :

Ինչ վերաբերվում է «Ոչ թալանին», «Մենք ենք տերը մեր երկրի» գաղափարներին, ԱԺ պատգամավորը նկատում է, որ թալանը միայն հոսանքով չէ, ու երիտասարդները պետք է գտնեն տարբերակ` խնդիրները համակարգված ձեւով լուծումների տանելու: Այս իմաստով, նա հուսով է, որ ամեն ինչ խաղաղ կլինի եւ ճիշտ որոշումներ կկայացվեն:

Մեր դիտարկմանը, եթե այսօր երեկոյան որոշում է կայացվում` դադարեցնել նստացույցը եւ  ազատել Բաղրամյան պողոտան, դա կընկալվի, կմեկնաբանվի իբրեւ պարտություն կամ իշխանությունների հետ գործարքի գնա՞լ, Թեւան Պողոսյանն ասաց, որ ամեն մարդ յուրովի կմեկնաբանի, բայց հարցին պետք է նայել արդյունքի տեսակետից: Իսկ այդ տեսակետից, ըստ պատգամավորի. «Իրենք առաջին անգամ կարողացան այնպես անել, որ Բաղրամյանը փակ լինի, ուշադրություն հրավիրվի ու իշխանությունը թեքվի հարցի կողմը: Այս պահի դրությամբ առաջարկված է մի փաթեթ, որն իր իմաստային կամ արդյունքի գնահատման բնույթով, տալիս է մի հնարավորություն, որ տղաների պահանջներն իրագործվեն կյանքում»:

Եթե փորձենք խնդիրն իրավական դաշտ տանել, ապա, ըստ Թեւան Պողոսյանի, հասկանալի է, որ գտնվել է նաեւ իրավական լուծումը` պահանջը կատարելու: Այս ամենից ելնելով, նա գտնում է, որ բողոքի կազմակերպիչներն, արդյունքի հասնելու մասով խնդիրը լուծել են: Հետեւաբար, պարտության նշույլ անգամ չկա:

Թեւան Պողոսյանը նաեւ այս համատեքստում է հարցը դիտարկում. «Մենք ենք տերը մեր երկրի»  կարգախոսը տղաները պիտի կիրառեն. եթե իրենք են փակել Բաղրամյան պողոտան, իրենք էլ պիտի բացեն` թույլ չտալով, որ  այլք, այլ տարբերակներով դա անեն: Այնպես որ, ես տղաների այդ քայլը կողջունեմ: Շատ մարդիկ այլ բան կասեն, բայց եթե պողոտան տղաները չբացեն, ուրիշը բացի, չգիտեմ, թե այդ մարդիկ ինչ են ասելու»:

Թեւան Պողոսյանն այն կարծիքին է, որ ակցիայի կազմակերպիչները պետք է կարողանան ճիշտ ուղղորդել ու թալանի դեմ պայքարում ճիշտ օգտագործել այն էներգետիկան ու ներուժը, որն այս հինգ օրերի ընթացքում հաջողեցին կուտակել. «Դա, իսկապես, կլինի հաղթանակ: Իսկ եթե հեռանան` գնալով տուն, դա արդեն հաղթանակ չէ: Բաղրամյան պողոտայից հեռանալը երկրից հեռանալ չէ, ու ընդհանրապես հեռանալ չէ, պարզապես, մարտավարության փոփոխություն: Ուստի, վստահ եմ, որ տղաները խաղաղ ավարտելով ճիշտ որոշում կկայացնեն` իրենց Հայաստանում ձեւավորելով քաղաքացիական հասարակություն, որը կշարունակի պայքարը` հասնելով շատ բաների»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930