«Մենք գիտենք, որ ամսի 19-ի 23:00-ից հետո բոլոր այս գործողություններն անօրինական են, չկա լիազոր մարմնից թույլտվություն եւ ոստիկանությունը դրսեւորել է հանդուրժողականություն, չի գործել օրենքից դուրս»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ հունիսի 23-ին կիրառված ուժին, Օսիպյանն ասաց, թե այն եղել են իրավաչափ. «Բոլոր գործողությունները օրենքից են բխել: Կիրառված ֆիզիկական ուժն «Ոստիկանության մասին» օրենքով է կարգավորվում»:
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայի արդեն մի քանի օր փակ լինելուն, Վալերի Օսիպյանը նշեց, որ դա անընդունելի է. «Ոստիկանությունը թե բնակիչներից, թե քաղաքացիներից ունի տարբեր տեսակի բողոքներ: Տեսեք՝ այստեղ նույնպես ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսեւորում»:
Երեւանի փոխոստիկանապետն ասաց, թե շատերը կարծում են, որ ոստիկանությունն անգործության է մատնված եւ չի կարողանում վերահսկել իրավիճակը. «Սակայն դուք էլ երկու օր առաջ տեսաք եւ զարմացաք, թե ինչպես է ոստիկանությունը հայտնաբերել զենքով քաղաքացի: Դա եւս փաստում է, որ ոստիկանությունը պրոֆեսիոնալ է գործում»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ քաղաքացիների մեծամասնության պահանջն արդար է: Սակայն Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո հայտնվեցին մարդիկ, որոնք փորձում են այլ ուղիով տանել այս ամեն ինչը: «Մենք տեսնում եւ զգում ենք՝ մեծամասնությունը պատրաստ է այս ամեն ինչը, որ տեւել է արդեն շատ երկար ու անօրինական է, բերի օրինական դաշտ»:
Նա նաեւ շնորհավորեց բոլորին նախագահի հայտարարության կապակցությամբ եւ ասաց, որ դա հաղթանակ է:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ