«Փոքրիկ զիջում են արել, ավելի ճիշտը`ակնարկ են արել, որ զիջում են անելու: Այս իրավիճակում, հավանաբար ճիշտ քայլն այն կլինի, որ որոշակի ժամանակ տրամադրվի, որպեսզի այդ զիջումն արվի»,-Aravot.am-ի հետ զրույցում`պատասխանելով հարցին`ձեր կարծիքով ճիշտը նստացույցը դադարեցնելը եւ իշխանությանը գործողությունների ժամանակ տա՞լն է, թե՞ շարունակել նստացույցը`պայքարը զուգահեռելով իշխանության գործողությունների հետ, ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: Կուսակցության անդամներն այս օրերին բավական ակտիվ մասնակցում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող պայքարին:
Արմեն Աղայանը տրամաբանական է համարում իշխանությանը ժամանակ տալ գործողությունների համար` պայմանով, որ եթե ի վերջո արդյունքը հանրությանը չբավարարի, բողոքի ակցիաները կրկին շարունակվեն: Այստեղ էլ, սակայն, նա վտանգ ու ռիսկեր է տեսնում`եթե հետո չհաջողվի՞ նույն ուժգնությամբ ակցիաներ իրականացնել: Սրանք հարցեր են, որ ըստ մեր զրուցակցի, յուրաքանչյուր անձ, կազմակերպիչների խումբ, խմբավորում ինքն իր համար պետք է որոշում կայացնի: «Հայազնում» վերջնական ու հստակ դիրքորոշում չկա: Քննարկումների մեջ են: Որոշման հանգելուն պես`դրա մասին կտեղեկացնեն կազմակերպիչներին:
Ամեն դեպքում, ըստ նրա, այս ամենում հաղթողներ ու պարտվողներ չպետք է որոնել. կարեւորը` արդյունքն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև