«Այդ հայտարարությունը փաստացի լուծում չի առաջարկում, պահանջներից ոչ մեկը չի կատարում: Դա խաբկանք է, որպեսզի մարդկանց շեղեն`համոզելով, թե մեր պահանջները կատարել են: Որպեսզի այս տեղեկատվությունը հասնի մարդկանց, դրա համար ժամկետ սահմանվեց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն`անդրադառնալով մեր հարցին, թե ի՞նչ է լինելու երեկոյան:
Հիշեցնենք, Բաղրամյան պողոտայում արդեն մեկ շաբաթ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց անող երիտասարդները երեկ հայտարարել են, որ այսօր երեկոյան՝ հանրային քննարկման ժամանակ, պարզ կլինի քայլերի հաջորդականությունը:
Հիշեցնենք նաեւ, որ իշխանությունն ի պատասխան հանրային դժգոհության, հայտարարեց ռուսական կողմի հետ համաձայնության մասին`ՀԷՑ-երում միջազգային աուդիտ անցկացնելու հարցով:
Այս հարցը, Բաղրամյան պողոտայում պայքարող քաղաքացիական ակտիվիստների մեջ էլ է հակասությունների առիթ տվել: Մի մասը գտնում է, որ պետք է ազատել Բաղրամյան պողոտան`դադարեցնելով բողոքի ակցիաները, մինչեւ աուդիտն իրականացվի, եւ վերջնական արդյունքը պարզ լինի: Դրա համար չորս ամիս կպահանջվի: Մի մասն էլ պնդում է, որ ակցիաները պետք է շարունակել: Հակասությունները քիչ-քիչ միմյանց նկատմամբ անվստահության են վերածվում, քանզի նրանք փորձում են «վերահսկել» հակառակ տեսակետն ունեցող պայքարողների շփումները լրագրողների հետ: Մասնավորաբար, Գեւորգ Սաֆարյանի հետ զրույցից հետո Բաղրամյան պողոտայից չհեռանալու կողմնակից մի երիտասարդ ակտիվիստ համառորեն ցանկանում էր լսել հարցազրույցի ձայնագրությունը`մինչ դրա հրապարակումը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ