Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը մեկնարկել է

Հունիս 28,2015 09:49

Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները հունիսի 27-ից հուլիսի 5-ը կդառնան մեր առօրյայի անբաժան մասը:

Երևանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, որն առանձնակի նշանակություն է տալիս խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ քարոզող ֆիլմերին՝ դատապարտելով պատերազմը, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը:

Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես փառատոնի մեկնարկը տրվեց Կարապի լճի տարածքում: Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի երգչախումբը, «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբը, «Որդան կարմիր» ռոք խումբը և ուրիշներ:

Փառատոնի հոգևոր խորհրդատու տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասում է, որ փառատոնի նպատակն է տեսնել, թե ինչպես է այսօրվա մարդն ընկալում հոգևոր աշխարհը, ինչպիսի արժեքներով է ապրում և ինչպիսի երկխոսություն է ծավալում մարդը մարդու հետ՝ անկախ դավանանքից, հավատքից ու կրոնական զգացումներից, և Աստծու հետ հարաբերության մեջ ինչպես է իրեն գտնում:

«Երբեմն մակերեսայնորեն մենք հավատում ենք, որ հոգևոր ընկալումները, զգացումները այդքան էլ կարևոր չեն 21-րդ դարի մարդու համար, բայց այս փառատոնը հակառակն ապացուցելուն է միտված: Հոգևոր կյանքը, հոգևոր գիտակցությունը, բարոյական բարձր արժեքներին հետևելը որևէ ժամանակահատված և տարածություն չի ճանաչում. այն լցնում է բոլոր ժամանակներն ու տարածությունները: Մարդը, ըստ էության, հոգևոր էակ է՝ իր ֆիզիկական կարողություններով և պահանջներով հանդերձ»,- ասում է Սրբազանը:
Փառատոնն այս տարի ֆիլմերի մասնակցության 600 հայտ է ստացել: Իսկ մասնագիտական հանձնաժողովը դրանցից 53-ն է մրցութային ծրագրում ընդգրկել:
«Ֆրեսկոյի» ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանին ուրախացնում է ներկայացված հայտերի կրկնակի աճը. «Նախորդ տարի 300 հայտ էինք ստացել ու շատ մեծ ջանքերի շնորհիվ,- ասում է նա.- ինքներս էինք գտնում ռեժիսորներին ու դիմում նրանց, որ հայտեր ներկայացնեն, իսկ այս տարի դա շատ հեշտ եղավ. պարզապես կայքում տեղադրված էին հայտերը»:

Տեղեկացնենք, որ բացօթյա դիտումները կազմակերպվելու են ամեն օր՝ Կարապի լճի տարածքում, իսկ փառատոնային օրերից 3-ը՝ հուլիսի 2-4-ը, անցկացվելու են Շիրակի մարզում՝ Հառիճավանքի տարածքում՝ վրանային կինոճամբարի ձևաչափով: Այստեղ կկազմակերպվեն ոչ միայն ֆիլմերի դիտումներ, այլև կլինեն վարպետության դասեր, երգ ու պար: Փառատոնի մրցանակաբաշխությունն ու փակման արարողությունը տեղի կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը կազմակերպում են «Ֆորմիկա Արտ» ընկերությունը և «Ծիածան» ՀԿ-ն: Փառատոնն անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930