Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկը՝ իր պատասխանատվության շրջանակներում

Հունիս 28,2015 01:29

Եթե ես ինչ-որ մի բանի համար պատասխանատվություն եմ ստանձնում, ապա պետք է գծեմ այդ պատասխանատվության սահմանները: Օրինակ, «Առավոտ» թերթում եւ Aravot.am կայքում բոլոր գրածների պատասխանատուն ես եմ: Որեւէ այլ թերթում կամ կայքում` ես չեմ: «Շանթում», «Ա1+»-ում, «Հ1»-ում ի՛մ ասածների համար ես եմ պատասխան տալիս, բայց այդ հեռուստաալիքների լրատվական կամ այլ քաղաքականության համար` ես պատասխանատու չեմ:

Նույն տրամաբանությամբ` եթե ես ցույց եմ կազմակերպում Բաղրամյան պողոտայում, իսկ ինչ-որ մեկը ուզում է փակել Մաշտոցի պողոտան, ապա ես կա՛մ պետք է ասեմ, որ այս գործընթացն էլ եմ ես կազմակերպում եւ պատասխանատվություն ստանձնեմ այն մարդկանց համար, որոնք գտնվում են Մաշտոցի պողոտայի երթեւեկելի մասում, կա՛մ ասեմ, որ դրա հետ կապ չունեմ: Ոչինչ չասել կամ ասել` «դա ժողովուրդն է, դա ինքնաբուխ է»` ինձ թվում է, սխալ է: Ցանկացած «ինքնաբուխի» մեջ կան պատասխանատուներ ու կազմակերպիչներ: Գուցե հրահրիչներ:

Եթե Սասուն Միքայելյանը, Ռուբեն Բաբայանը, Վահան Արծրունին, Եղիշե Պետրոսյանը, Հովհաննես Ազոյանը, MP3 Արամը, պատգամավորները, հասարակությանը հայտնի մի շարք այլ մարդիկ գտնվում են Բաղրամյան պողոտայում իրենց ներկայությամբ բռնությունը բացառելու մտադրությամբ, ապա նրանք (ես էլ նրանց հետ միասին) պատասխան են տալիս այդ առաքելության շրջանակներում:

Ի՞նչ են պահանջում երիտասարդները, արդյոք նրանք բավարարվա՞ծ են իշխանության քայլերով, ուզո՞ւմ են մնալ Բաղրամյան պողոտայում, թե՞ ուզում են գնալ, ի՞նչ են պատրաստվում անել ոստիկանները՝ այդ ամենի մասին մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ: Միակ հարցը, որի վերաբերյալ կա համաձայնություն՝ դա այն է, որ բռնություններ չպիտի լինեն: Լավ չեմ հասկանում, թե ինչու է նման մոտեցումը որոշ մարդկանց զայրացնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Պարոն Աբրահամյան, եթե կարելի է իմանալ ովքեր են բռնությանը կողմնակից` զայրացող որոշ մարդիկ կամ հուշեք, որտեղից ծանոթանամ նրանց տեսակետներին:

  2. Աշոտ Սարգսյան says:

    Ինձ հետաքրքիր է ինչու բռնություն բացառելու պատը չէիք սարքում նախորդ 25 տարիների ընթացքում երբ բազմաթիվ բռնություններ են եղել: Մասնավորապես վերջին տարվա ընթացքում, երբ Հայաստանի տարբեր շրջաններում ծեծում էին նախախորհրդարանին ու Սեֆիլյանին, կամ սպանված զինծառայողների ծնողների բողոքների ընթացքում: Գտնում եք որ սպանված զինվորների մայրեր կարող են իրենք իրենց պաշտպանել ի տարբերություն երիտասարդների, որոնք ձեր պաշտպանության կարիքն ունեն, թե սակագնի բարձրացում գտնում եք ավելի կարևոր հարց քան սպանությունների բացահայտումը: Միգուցե ուղղակի ուղիղ հեռարձակումներն ու պոտենցիալ շուկան են մոտիվացնում: Շատ կուզեի կարդալ ձեր բացատրությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930