«Ոչ մի կասեցման մասին խոսք չկա»,- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Բաղրամյան 26-ի առաջարկը՝ Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց անող ակտիվիստներին:
Ըստ Լեւոն Բարսեղյանի, «Առայժմ որեւէ բան չի փոխվել: Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ տարբերությունը կփոխհատուցի կառավարությունը: Նա չբացատրեց՝ պաշտոնյաներն իրենց սեփական գրպանի՞ց են փոխհատուցելու, թե՞ այնուամենայնիվ, մեր փողերից: Ես վստահ եմ, որ իրենք այդպես առատաձեռն չեն լինի, եւ խոսքը մեր փողերից փոխհատուցման մասին է: Հանրությունը պետք է մաս-մաս վճարեր, հիմա մեր հարկերից է վերցնում, ի՞նչ տարբերություն: ՀՀ-ից գողացածը թող հանեն, տան, ոչ թե պաշտպանության ծախսերից: Այդ գինը մարդավարի չի հաշվվել, հիմա էլ խոսում են աուդիտից: Ո՞վ է վստահում ՀՀ իշխանության ազնվությանն ու բարեխղճությանը: Անկախ աուդիտ էր պետք, բայց պետությունն այդ կամքը չունի անելու»:
Նա ասաց, որ իշխանությունները լուրջ «մանթրաշի» մեջ են, չէին սպասում, որ հանրությունն այսպես ոտքի կկանգնի ու կբողոքի:
Լեւոն Բարսեղյանը առաջարկեց իր պարզ լուծումը՝ ինչքան կերել են, հիմա թե ով է կերել՝ ռուսն է կերել, թե իրենք են կերել, քանդեն, լցնեն տեղը ու ոչ մի թանկացում, նույնիսկ էժանացում պետք է լինի:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է աուդիտին՝ Լեւոն Բարսեղյանն ասաց. «Եթե աուդիտ, ապա միայն հանրության կողմից ընդունված աուդիտ, ոչ թե հայ-ռուսական միջկառավարական աուդիտ՝ առը հա, չի ուտվելու դա ոչ մի կերպ: Իրենք իրենց համար թող տանեն իրենց աուդիտն անեն: Բայց անկախ աուդիտը, վստահ եմ, բացահայտելու է, որ մինչեւ հիմա անհիմն են թանկացրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ըստ առցանց հեռարձակման