«Վաղը ժամը 18.00-ին կլինի ժողովրդի կողմից վերջնական պատասխանը՝ մեր հետագա քայլերի մասին»,- «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, մեկնաբանելով Բաղրամյան 26-ի առաջարկը՝ այսպիսի հայտարարություն արեց:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ակտիվիստներին ուղղորդելու համար, ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի, իր կարծիքն է ուզում հայտնել՝ նորմալ որոշում ու նորմալ հայտարարություն էր, դուք ի՞նչ եք ուզում անել: Նա փորձում էր համոզել, որ միեւնույն է, հիմա էլ են ժողովուրդ հավաքված, հիմա որոշում կայացրեք:
Երբ Վաղինակ Շուշանյանն ասաց, որ խնդիրը միայն այս 15 հազար մարդունը չի՝ Օսիպյանը հակադարձեց, թե դուք որտե՞ղ եք 15 հազար մարդ տեսնում:
Կարդացեք նաև
Ակտիվիստը ճշգրտեց՝ լավ, թող լինի 8000: Վալերի Օսիպյանը դա ապատեղեկատվություն որակեց:
«Եթե թվի մասին ենք խոսում, ասեմ»,- ասաց Օսիպյանն ու սկսեց իր հաշվարկները, որ աղբամաններից մինչեւ փողոցի ծայրը՝ «Բարս» անշարժ գույքի գործակալությունը 100 մետր է, փողոցի լայնությունն էլ՝ 20 մետր, եղավ 20 հազար քմ: Եթե ամեն մի քմ-ի վրա 3 հոգի կանգնեն, կլինի 6 հազար մարդ, ոչ ավելի: Ոչ թե 15 հազար»:
Ակտիվիստներն ասացին, որ Սերժ Սարգսյանը ամբողջությամբ չի կատարել իրենց պահանջները, չի եղել չեղարկում, որոշման կասեցում, դրա համար պետք է քննարկեն եւ որոշմամբ հանդես գան, որը կլինի վաղը:
Վալերի Օսիպյանը հորդորեց ակտիվիստներին տեղափոխվել օրինական դաշտ՝ ասելով, որ առայժմ բավարարվում են բացատրական աշխատանքով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ