Գյումրու Թատերական հրապարակում շարունակվում են հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաները: Պարզվում է, որ այս քաղաքում տեղի ունեցող ինքնաբուխ բողոքի ակցիաներին ոչ ուղղակիորեն մասնակցում են նաեւ տաքսու վարորդները: Վերջիններս այսօր անվճար Թատերական հրապարակ են հասցրել ցուցարարներին:
Այսօր լրագրողներից մեկը, հասնելով Թատերական հրապարակ, պատմեց, որ նստել է տաքսի՝ խնդրելով իրեն հասցնել թատրոնի մոտ: Տեղ հասնելով՝ լրագրողը վճարել է, սակայն տաքսու վարորդը նեղացած վերադարձրել է փողը՝ ասելով. «Ամոթ չէ, քուրս, բա արդարության համար պայքարող մարդկանցից փո՞ղ կվերցնեն»:
Սա այսօր տեղի ունեցած միակ դեպքը չի եղել, ինչպես հրապարակավ հայտարարեց նստացուցարար, տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, այսօր տաքսու բոլոր վարորդներն են հրաժարվել գումար վերցնել Թատերական հրապարակ եկող մարդկանցից: Կարեն Պետրոսյանը բնականաբար իր շնորհակալությունը հայտնեց նրանց:
Նշենք նաեւ, որ ժամը 18.00-ին սահմաններում, երբ սովորաբար Թատերական հրապարակից սկսվում է երթը, Գյումրու երթուղայինների համարյա թե բոլոր ուղեւորները շտապում են հրապարակ: Այսօր բարձրանալով թիվ 20 միկրոավտոբուսը, ականատես եղանք, որ այնտեղ նստած բոլոր ուղեւորները բողոքի ակցիայի մասնակիցներն են: Նրանք Թատերական հրապարակ էին շտապում՝ Հայոց եռագույնը ուսերին, ցուցապաստառների բովանդակության մասին թեժ քննարկումներ, նաեւ հայրենասիրական երգեր կատարելով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ