Հունիսի 29-ին և 30-ին՝ ժամը 20:00-ին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կկայանա երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 91-ամյակին:
Նվագախմբի ուղեկցությամբ կհնչեն մեծ շանսոնյեի ամենասիրված երգերը, որոնցից մի քանիսը կներկայացվեն հայերեն: Համերգի ընթացքում կներկայացվեն նաև լեգենդար երգչի կյանքի անծանոթ ու հետաքրքրաշարժ դրվագները:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Պետրոսյանը, այդ երկու օրերի ընթացքում փորձելու է հանդիսատեսին փոխանցել Ազնավուրի հաջողության բանաձևը. «Այսինքն՝ ինչպե՞ս ստացվեց, որ աղքատ գաղթականների ընտանիքի երեխան, որը ինը տարեկանից դպրոց չի գնացել, այլ թափառել է ու աշխատել, հանկարծ դարձավ լեգենդար: Ի՞նչն էր նրան անընդհատ մղում դեպի պայքար ու հաղթանակ, ինչպե՞ս էր «պատերը քանդելով» առաջ գնում»,- մանրամասնեց նա՝ նկատելով, որ այս առումով օրինակելի մարդիկ, իհարկե, շատ կան, բայց Ազնավուրը մերն է:
Իսկ նրա հաջողության բանաձևը, ըստ Հայկ Պետրոսյանի, համառությունն է ու ամենաբարդ իրավիճակներում էլ կյանքին սիրահարված լինելը. «Ազնավուրը 91 տարեկան է, բայց տեսե՞լ եք՝ ինչպես են աչքերը պսպղում, ինչքան պայծառ են. սեր կա, հետաքրքրություն կա կյանքի նկատմամբ: Ես կարծում եմ, որ այդ երկուսը՝ համառությունն ու կյանքը մշտապես սիրելը նրան դարձրին այդքան պինդ մարդ»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նրա ձևակերպմամբ՝ զարմանալի մարդ է Ազնավուրը, որից շատ բան կարող ենք սովորել. «Մանավանդ հիմա, երբ պայքարի օրեր են, և մենք ուզում ենք ունենալ այնպիսի մեկի օրինակը, որ ասենք՝ այ ինքը կարողացավ հասնել, մենք էլ կկարողանանք»,- նշեց երիտասարդ արվեստագետը:
Դառնալով պայքարի օրերին՝ նա ասաց, որ հիացած է Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի միասնականությամբ. «Այդպես մեկ էլ մութ ու ցուրտ տարիներին էր: Ես այդ ժամանակ շատ փոքր էի, բայց հիշում եմ, որ կյանքը դժվար էր, մարդիկ դժվար էին ապրում: Ու ինչքան դժվար էր կյանքը, այնքան մեր սրտերը ջերմ էին, այնքան հոգատար էինք իրար նկատմամբ: Այսօր էլ խնդիրները համախմբել են մեզ, և շատ ուրախ եմ, որ հատկապես երիտասարդությունն է ոտքի կանգնել: Բոլորն իրար նկատմամբ այնքան հոգատար են. մեկը ջուր է բերում, մյուսը՝ հաց: Մի աղջիկ կա, որն այնքան լավ սուրճ է տալիս, որ մտածում եմ՝ առավոտները գնամ Բաղրամյանում սուրճ խմեմ…
Մարդիկ պայքարի են դուրս եկել, բայց խաղաղ են, մեկը մյուսի նկատմամբ բարությամբ լցված: Երկու աղջիկ կային, որոնք ցույցի առաջին օրը վիրավորվել էին ոստիկանների գործողություններից: Նրանք գնացել են տուն, բուժվել, հետո վերադարձել են ու նույն ոստիկաններին «սրտիկներով կոնֆետներ» են նվիրել: Սա է պայքարը, սա է բարոյական ապտակը»:
Վերադառնալով Ազնավուրի նկատմամբ իր սիրուն՝ Հայկ Պետրոսյանն ասաց, որ այն աստիճանաբար է մեծացել, իսկ փոքր ժամանակ նրան ոչ թե չի սիրել, այլ ատել է. «Մութ տարիներին, երբ մեկ ժամով տալիս էին լույսերը, մայրս միացնում էր մագնիտոֆոնը, Ազնավուրին էր լսում ու հուզվում: Ես էլ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մտածում էի՝ Ազնավուրի պատճառով մամաս լացում է: Ու դրա համար չէի սիրում Ազնավուրին: Հետո, երբ 16 տարեկանում գնացի Փարիզ սովորելու, սկսեցի լեզուն հասկանալ, շատ սիրեցի Ազնավուրի տեքստերը, դրանցով նաև սովորեցի ֆրանսերեն: Հետո բախտ ունեցա հորս հետ գնալու նրա 80-ամյակին նվիրված համերգին, որտեղ բռնեցի նրա նետած թաշկինակը: Այդպես աստիճանաբար ծանոթանալով նրա արվեստին՝ սկսեցի շատ-շատ սիրել նրան»,- պատմեց Հ. Պետրոսյանը:
Ի դեպ, նա առաջարկում է ամեն տարի մայիսի 22-ին՝ Ազնավուրի ծննդյան օրը, մեծ համերգ կազմակերպել՝ տարբեր երգիչների ու երաժիշտների մասնակցությամբ: Դա կլինի Ազնավուրին ուղղված շնորհակալության խոսք, իսկ համերգի հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով. «Սկիզբը դնում ենք հունիսի 29-ի և 30-ի երկու համերգներով՝ մեծ հույս ունենալով, որ հետագայում կշարունակենք ու ամենամյա կդարձնենք»,- ասաց երիտասարդ արվեստագետը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ