«Ես կողմ եմ, որ սակագինը կարելի էր չբարձրացնել եւ չպիտի բարձրացվի, որովհետեւ դա հիմքեր չունի»,- էներգիայի սակագնի թանկացման հարցի վերաբերյալ այսօր «Դեբատ» բանավիճային ակումբում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Նա ասաց, որ կարելի է հասկանալ սակագնի բարձրացումը, բայց եթե դա հիմքեր ունենա. «Հայտարարվեր, որ 2-3 էներգետիկ հզորություններ ենք ստեղծում՝ ներդրումներ են անհրաժեշտ, եւ բնականաբար այդ ներդրումները պետք է փոխհատուցվեր: Կարելի է սակագինը բարձրացնել, բայց մեզ սպասվում է ապագայում կայուն էներգետիկ համակարգ եւ մենք առաջիկա 2 տասնամյակում կարող ենք, օրինակ, ապահով մեզ զգալ էներգետիկ առումով»:
Պարոն Եղիազարյանը նշեց, որ այս թանկացումը դրա հետ կապված չէ եւ սրանով չի վերջանա, քանի որ մեր էներգետիկ համակարգը վաղուց իր կանքն ապրել է. խնդիրը ոչ միայն էլցանցերում է, այլեւ արտադրող հզորություններում է եւ ընդհանրապես կապված է մեր էներգետիկ համակարգի հետ ունենալու համար:
«Էներգետիկ համակարգում իրավիճակը չի կարգավորվի, քանի մեր էներգետիկ համակարգը կախվածություն ունի ռուսական էներգետիկ համակարգից»,-ասաց պարոն Եղիազարյանը:
Մեկ այլ բանախոս էլ՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով այս օրերին կատարվող ցույցերը հակառուսական կոչելուն, ասաց, որ նա իրապես նրանց կողքին է. «Ինձ պետք չէ դիմել ռուսաց թագավորին՝ իմ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար: Երկիր ունեմ՝ աշխարհը չունի, հիմա այն, որ իշխանությունները չեն կարողանում դա անել, ուրեմն այդ հարցը մենք պետք է լուծենք այստեղ եւ բոլոր իմ պահանջատիրությունը մեր իշխանությունների հանդեպ է: Բոլոր երկրներին էլ պետք է այստեղ տեսնել «Մայդան», այս, այն, բայց կրկնում եմ՝ դա մեր խնդիրն է, մեր խնդիրը լուծենք ազգային որակին համապատասխան:
Կարդացեք նաև
Ըստ տիկին Ալավերդյանի՝ այս ցույցի մասնակիցները մեր արժանապատիվ ապագան են եւ այսօր, իշխանությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրենք անօգնական են գտնվում եւ հասարակական զարգացումները ավելի առաջ են ընթանում: Նա նշեց նաեւ, որ մեր իշխանությունները այլեւս չեն կարողանում իրենց հին մեթոդներով կառավարել մեր հասարակությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Aravot.am-ի այն հարցին թե ի՞նչ եք կարծում իշխանությունները երիտասարդների պահանջի հետ հաշվի կնստե՞ն, պատասխանեց, որ եթե իշխանությունը չհասկանա, որ այս շարժումը կոմպրոմիսներով չէ, որ լուծվում է, այլ հասարակության ձայնը լսելով է, մենք կունենանք իրապես ավելի քաղաքական շարժում, որը անգամ եթե տապալվի՝ տալու է ավելի բուռն զարգացում եւ արդյունք: Նա իշխանությանը հորդորեց, պահանջեց հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ հետ կանգնել այդ որեւէ հիմք չունեցող որոշումից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ