Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մխիթար  Գոշի դամբարանի բաց տանիքից  անձրեւաջրերը  դամբարան են լցվում

Հունիս 27,2015 17:24

Նախընտրական շրջայցի շրջանակներում  նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին  այցելեց Գոշավանք  եւ այնտեղ մոմ վառեց: Նրան ներկայացվեց  12-13-րդ   դարերի նշանավոր կառույցի նորոգման խնդիրը: 2013թ. հոկտեմբերի 24-ին  սկսվեց Գոշավանք  համալիրի մաս կազմող  «Սուրբ Աստվածածին»  եկեղեցու նորոգումը: Պետական բյուջեից նորոգման  ֆինանսավորումը  մաս-մաս է կատարվում, ինչը  չի նպաստում  վերանորոգման գործի  հաջողությանը: «Գոշավանք եկեղեցու» աշխարհիկ գործերի կառավարիչ Արծրուն Հովսեփյանն ասաց, որ  Սուրբ  Աստվածածին եկեղեցու գմբեթը  նորոգման նպատակով քանդած է, այն  պատված է ցելոֆանով, հոգեւոր կառույցների նորոգման մեջ մասնագիտացած կազմակերպության շինարարներն այժմ  գմբեթը վերականգնում են :  Նրա ունեցած տեղեկություններով՝ ներկայիս ֆինանսավորումը կբավարարի գմբեթի նորոգմանը, սակայն գմբեթի՝ վատթար վիճակում գտնվող  թեք պատերի եւ  քանդվող  գավիթի նորոգման համար գումարը չի հերիքի:

Ա. Հովսեփյանն անթույլատրելի է համարում վթարային վիճակում գտնվող Գոշավանքի «կրիայի քայլերով» նորոգելը, ասելով. «Թուլափայ  ֆինանսավորմամբ Գոշավանքը հնարավոր չէ նորոգել»: Նրա վկայությամբ՝ Մխիթար Գոշի դամբարանի  նորոգումը  երկու ամիս  առաջ կանգ է առել, դամբարանի բաց տանիքից անձրեւաջրերը ներս են լցվում, «ջուրը  լցնում» կատարված աշխատանքները:  Ա. Հովսեփյանի վկայությամբ՝ անցյալ տարվա հոկտեմբերին այդտեղ  վերանորոգման աշխատանքներ կատարվեցին: Սակայն այդ ժամանակ  Գոշ գյուղում գիշերները  ջերմաստիճանը  5 աստիճան տաքությունից ցածր էր, մինչդեռ  կրաշաղախի չորացման համար այդքան եւ ավելի  ջերմություն  է հարկավոր:

Արծրուն Հովսեփյանը  ցավով է ասում, որ 2013թ. «Գոշավանք» պատմարգելանոցային թանգարանի 300 ցուցանմուշները հանվեցին թանգարանի  փայտաշեն շենքից  եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք:  Դրանք գցված  են մասնավոր մի կառույցի  նկուղում, իսկ Գոշում թանգարանի նոր շենքի  խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. M.Grigorian says:

    Խորհուրդ կտայի ,,Մխիթար Գոշ,, մեդալ (կամ շքանշան) ստացած մեծահարուստներին ֆինանսավորել եկեղեցու վերանորոգումը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930