Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը Բաղրամյան պողոտայում էր: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քսան տարի լինելով «ԳԱԽԵՔՍ» երիտասարդական միության հիմնադիր նախագահը, ծանոթ էր երիտասարդներին, բայց իր համար անակնկալ էր նման համախմբվածությունը. «Միգուցե իշխանությունների մտահոգությունը դրա մեջ է, որ քայլերը ուշացրել են, որ ինչքան ձգվի, կարող ենք հաղթել ու բաներ պահանջել»: Նրա ձեւակերպմամբ, երիտասարդությունը 18-30 տարեկանը չէ. «Այստեղ կան 70, 80 նույնիսկ 90 տարեկաններ, որոնք ոգով իրենց երիտասարդ են համարում, նրանք մեր կողքին են՝ հանուն արդար պահանջի: Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդը հանուն արդար պահանջի պետք է համախմբված լինի, իրար հետ սիրով, առանց սադրիչ քայլերի, որովհետեւ ոստիկաններն էլ են մերոնք, նրանցից ոմանց ընտանիքներն ու երեխաներն էլ են այստեղ… Ոստիկանների ընտանիքներ են եղել, որոնք բարիկադի տարբեր կողմերում են եղել կանգնած, որովհետեւ վստահ են եղել, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենա, Վլադիմիր Գասպարյանն էլ հրաման չի տա ոստիկաններին ջարդել, երբեմն լինում են «շնորհքով» սադրիչներ, որոնցից պետք է հեռու լինենք, երեկ շատ էին, այսօր կարող են ավելի շատ լինել: Պետք է զգույշ լինենք եւ զգոն: Մենք աշխարհին զարմացրել ենք մեր խաղաղությամբ, մեր երգուպարով, մեր սիրով»:
Մեր հարցին՝ արդյոք էներգահամակարգում աուդիտ անցկացնելու մասին նախագահականի տարածած հաղորդագրությունը խայծ է, բողոքի ակցիային վերջն դնելու համար մտածված քայլ, Խաչիկ Եղոյանը պատասխանեց. «Քաղաքականությունից շատ չեմ հասկանում, քանի որ իմ գործը մշակույթն է, բայց իհարկե մանեւրելու տեղեր ունեն իրենք, իրենց համար շատ հեշտ է, ճտտացնեն ու ասեն ժողովուրդ ջան մենք ձեզ սիրում ենք, ձեր հարցերը լուծվեց:
Հույս ունեմ, որ ի վերջո պիտի համաձայնեն ցուցարարների հետ, որովհետեւ մենք հաղթանակի նման մի փորձ արդեն ունեցել ենք՝ տրանսպորտի գնի հետ կապված: Կարծում եմ, որ այս պարագայում մեր հաղթանակը իշխանությունների հաղթանակն էլ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև