«ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հայտարարությունը, ավելի կոնկրետ բուն այդ աուդիտը, խոշոր հաշվով՝ բլեֆ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ աուդիտը չի նշանակում, որ Հայաստանի էլեկտրական ցանցերում կատարված չարաշահումները բացահայտելու աուդիտ է արվելու:
Տնտեսագետը բացատրում է, ընդհանրապես աուդիտն իր ձեւաչափով չի կարող անդրադառնալ խարդախությանը, որովհետեւ պետք է տարբերակել ֆինանսական աուդիտն ինչ է, եւ մյուս տեսակի աուդիտներն ինչ են: Տնտեսագետի ներկայացմամբ՝ ֆինանսական աուդիտը հաշվապահական գործառույթներն է ստուգում,թե որքանով է հաշվետվությունը համահունչ բալանսին: Աուդիտի մյուս տեսակը կատարողականի աուդիտն է, թե որքանով է արդյունավետ վարել այն, իսկ համապատասխանության աուդիտով էլ ուսումնասիրվում է թե ընկերությունը որքանով է համահունչ աշխատել իր ներքին սահմանումներին:
Սրանք են աուդիտորական գործառույթները, որոնք ըստ տնտեսագետի՝ ՀԷՑ-ի կեղծիքները չեն բացահայտի, դրանք բացահայտելու համար ընկերությունը պիտի հատուկ տեսակի ուսումնասիրություն պատվիրի, այն կոչվում է խարդախությունների հնարավոր բացահայտում:
Կարդացեք նաև
Արտակ Մանուկյանը նկատեց, որ ՀԷՑ-ում վերջին 4 տարիներին աուդիտ է անցկացրել միջազգային գիգանտ ընկերությունների շարքերում 3-րդ տեղը զբաղեցնող «Ernst & Young» ընկերությունը: «Ernst & Young»ն էլ ունի այն լրացուցիչ ծառայությունը, որով հնարավոր խարդախություններն են բացահայտում: Բայց ՀԷՑ-ն այս ընկերությանը պիտի պատվիրի, ինչը, ըստ տնտեսագետի համար անհավանական է թվում:
Բացի «Ernst & Young»-ը 4 տարի աուդիտ է անցկացրել ՀԷՑ-ում, ուսումնասիրել կառավարումն ու մենեջմենթը, իսկ աուդիտը նաեւ ուղղություն է ցույց տալիս, թե առկա խնդիրները ինչպես լուծել, եւ ինչպես նշեց Արտակ Մանուկյանը, եթե այս միջազգային ընկերությունը աուդիտ է արել, բայց վերջում ՀԷՑ-ն այս վիճակում է հայտնվել, ապա ին՞չ իմաստ ունի այս հայտարարված աուդիտը: Ընդ որում, վերջին 4 տարում ՀԷՑ-ի կողմից հայտարարված աուդիտի տենդերը, ըստ Մանուկյանի, շահել է «Ernst & Young»-ը: Ուստի այս աուդիտն էլ ոչինչ չի տալու, եւ հանրության պահանջը չի բավարարվելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ