Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 14-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում շարունակվում է խաղաղ ցույցը: Մարդիկ եկել են ընտանիքներով եւ փոքր երեխաներով: Սա այն ժամն է, երբ տարածքը հարաբերականորեն փոքր-ինչ սակավամարդ է: Aravot.am-ը զրուցեց Բաղրամյան պողոտայում գտնվող ռեփեր Համոյի (Հմայակ Ադիյանի) հետ:
Ռեփերն ասաց, որ ոգեւորված է երիտասարդների պահվածքով ու կազմակերպվածությամբ. «Այն տարիքից սկսած, երբ սկսել եմ ռեփի մեջ ստեղծագործել, դրանք 90-ականներն էին, «Հայ տղերքով», «Հայ թիմով» ստեղծագործում էինք, բողոքում էինք ինչ-ինչ հարցերի շուրջ, շատ հանդարտ էր ամեն ինչ: Մենք ուզում էինք նման մի բան լիներ: Ես հիմա հպարտ եմ, որ այս մարդկանց հետ նույն տեղում կանգնած եմ…Ամեն օր գալիս եմ այստեղ ու հասկանում եմ, որ իսկական հայը այստեղ կանգնած մարդիկ են եւ նաեւ այն մարդիկ են, որոնք ինչ-ինչ պատճառներով տանն են: Ես չէի պատկերացնում, որ նման լավ երիտասարդություն ունենք, կենցաղի ամենօրյա աշխատանքի մեջ, չես նկատում շատ-շատ բաներ»:
Ռեփերն ասաց, որ այս ամենի տպավորություններով նոր ստեղծագործություններ կծնվեն, բայց դրանք բացասական շեշտադրումներ չեն ունենա.«Լիքը լավ հույզեր են կուտակվել, ու արժե այդ ամենը տալ թղթին, կարծում եմ, որ սա արդեն հաղթանակ է»:
Ռեփեր Համոն նորմալ է վերաբերում երեխաների հետ այս օրերին Բաղրամյան պողոտա այցելելը, ասում է. «Մի քիչ առաջ բալիկս ինձ հետ էր, մարդիկ խաղաղ իրենց պահանջն են ներկայացնում, բարիկադից այն կողմ էլ խաղաղ է, էլի մեր հայրենակիցներն են: Իրենք իրենց աշխատանքն են կատարում: Չեմ կիսում այն կարծիքը, որ երեխաներ են բերում, որ իրենց հետ պահեն բախումներից: Մարդիկ խաղաղ կանգնած են, ինչի պետք է բախում լինի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ