«Աշխարհում արտակարգ լարված իրավիճակ է»,- հունիսի 27-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ինտեգրացում եւ զարգացում հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ պատժամիջոցների պատերազմը խորացել է եւ ստացել է քաղաքական բախման բնույթ, եւ այդ բախումը Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես սպառնալիք: Նրա կանխատեսմամբ՝ իրավիճակում մեծանում են բախումների, արտաքին ճնշումների հնարավորությունները. «Այս գլոբալ մարտահրավերի արդյունքում մենք պարտավոր ենք դրսեւորել մեր հայկական ազգային հավաքականության դրսեւորումները զգուշորեն խորությամբ իմաստությամբ զսպվածությամբ դիմակայել այս մարտահրավերներին, տեղ չտալ, որ Հայաստանը ընդգրկվի այդ գլոբալ առճակատումների մեջ, թույլ չտալ, որ հայկական հասարակությունը պառակտվի բաժանվի մասերի, որոնք պայքարում են միմյանց դեմ, եւ որոնք որ կարող են թուլացնել հայկական հավաքական դիմադրության ուժը»:
Վերջում նա ռուսերեն հավելեց. «Համոզված ենք, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, չկան Ռուսաստանի դեմ տրամադրվածություններ, եվրասիական տրամադրվածություններ: Չնայած առանձին քաղաքական խմբերի եւ առանձին հասարակական գործիչների փորձերին իրենց կողմ տանել ցուցարարներին, մինչեւ այժմ բողոքի ակցիա կատարողներն ունեն վառ արտահայտված մեկ պահանջ՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Մենք կարծում ենք, որ շարժումը Ռուսաստանի եւ եվրասիական ինտեգրացիայի դեմ ուղղելու բոլոր փորձերը ձախողման են ենթակա, քանի որ Երեւանում, Հայաստանում կա ճնշող մեծամասնության կարծիքն այն մասին, որ հայ-ռուսական դաշինքը պետք է, եւ դրա ամրապնդման շուրջ պետք է աշխատել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ