Քիչ առաջ Բաղրամյան պողոտա մուտք գործեց ջրցան մեքենա, բայց այս անգամ ոչ թե ցույցը ցրելու, այլ փողոցի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար:
Ցուցարարները վազեցին ու նետվեցին ջրցանի առաջ, ոգևորություն տիրեց: Մինչ այդ ցուցարարները պողոտայում վոլեյբոլ, ֆուտբոլ, մաֆիա էին խաղում: Հանկարծ սառը ըմպելիքներ մատակարարող տաղավարից հայտարարություն հնչեց, թե այլևս ոչ ոք իր իրերը չթողնի այնտեղ: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչն է խնդիրը, նորից սադրու՞մ են: «Ոչ թալանին» ցույցի մասնակից Խաչատուր Ասլանյանը պատասխանեց. «Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրը ծանր լինելու պատճառով բերում թողնում են այստեղ: Ուստի մենք իրավունք չունենք նայելու, թե ինչ կա տոպրակում, բայց նաև չենք էլ իմանում, թե ինչ իր են մեզ մոտ թողնում, ինչը վտանգավոր է: Լինում է, որ թողնում են, ու չեն էլ գալիս վերցնում: Դրա համար ապահովության համար հայտարարում ենք, որ ոչ մի իր չբերեն մեզ մոտ թողնեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ