Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի խումբ կարմիր բերետավորների եւ ոստիկանների հետ մտան Բաղրամյան 5 հասցե եւ առգրավեցին ցուցարարների վրանը, պատճառաբանելով, որ մասնավոր տարածքում իրավունք չունեն վրան տեղադրելու:
Մինչ այդ՝ ցուցարարներից մոտեցել էին փոխոստիկանապետին, օգնություն խնդրել, որ իրենց մեջ ալկոհոլ օգտագործած 2 անձ կա՝ մեկուսացնեն: Իմանալով այդ լուրը՝ չարձագանքեցին՝ սկսեցին զբաղվել վրանի հանման աշխատանքներով եւ միայն Aravot.am-ի հարցից հետո, կարծես տեղյակ չլինելով լուրի մասին, պրն Օսիպյանն ասաց՝ «ցուցարարների՞ մեջ», եւ ավելացրեց, որ հիմա ոստիկանները կմոտենան եւ կպարզեն այդ հանգամանքը:
Կարդացեք նաև
Փոքր-ինչ շրջելով ցուցարարների մեջ՝ չգտան այդ անձանց եւ վերադարձան՝ ասելով, որ նման դեպքում մատնացույց արեք, որ անմիջապես մեկուսացնենք:
Ցուցարարները փոխոստիկանապետից ճշտեցին, որ եթե իրենց պահանջը կատարված է եւ վրանը հանված, ինչո՞ւ են առգրավում, պարոն Օսիպյանը պատասխանեց. «Հարգելիս, այդ նույն հաջողությամբ կարող են այդ նույն վրանը կես ժամ հետո մեկ այլ վայրում տեղադրեն»: Իսկ ցուցարարի մեկ այլ հարցին, որ եթե մարդ սխալ տեղ է կանգնած եւ զգուշացնում եք, մարդը դուրս է գալիս, դրանից հետո տանո՞ւմ եք բաժին, փոխոստիկանապետը պատասխանեց. «Կան բաներ, որոնք ի սկզբանե չեն թույլատրվում»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ