Երբ իշխանությունները որոշեցին տրանսպորտի գինը թանկացնել, ժողովուրդն ընդվզեց, եւ իշխանությունները հետ կանգնեցին իրենց մտադրությունից:
Թվում էր, թե էլեկտրաէներգիայի թանկացման առիթով էլ բողոքի ալիք կբարձրանա, բայց չբարձրացավ. փոխարենը՝ էլեկտրաէներգիայի գինը բարձրացավ: Այս անգամ ընդվզումը ոչ թե նախորդեց, այլ հաջորդեց էլեկտրաէներգիայի թանկացմանը: Ընդվզումն ուշացումով սկսվեց, որովհետեւ ժողովուրդը հույսը դրել էր ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքական գործիչների վրա, եւ երբ տեսան, որ ոչ ոք տեղից չի շարժվում, իրենք սկսեցին, եւ բողոքի ալիքը գնալով նոր թափ է հավաքում: Ընդ որում, փոքր-ինչ ուշացումով սկսված ընդվզման շարժիչ ուժը վերստին քաղաքացիական երիտասարդությունն է, որը որեւէ կուսակցության կողմից չի առաջնորդվում: Ճիշտ է, նախքան էլեկտրաէներգիայի թանկացումը Ազգային ժողովում որոշ պատգամավորներ ժողովրդի օգտին ելույթներ ունեցան, բայց դա որեւէ նշանակություն չունեցավ, եւ մինչ որոշ պատգամավորներ ԱԺ-ում փորձում էին ժողովրդի շահերը պաշտպանել, ԱԺ-ի պատերից դուրս թանկացումներն արդեն սկսվել էին: Դեղատներում դեղերի գներն աննկատ բարձրացան, սրճարաններում՝ սուրճի ու ամեն ինչի գները: Եվ այլն: Ավելի ճիշտ՝ ոչ թե աննկատ բարձրացան, այլ միանգամայն նկատելիորեն: Եվ շարունակում են բարձրանալ:
Չնայած այս մշտական ու շուրջօրյա թանկացումներն սկիզբ ու վերջ չունեն, այդուհանդերձ՝ դրանք առավել մեծ չափերով ու «մասսայաբար» են վերսկսվում հատկապես այն ժամանակ, երբ իշխանությունները որոշում են տրանսպորտի, գազի, ջրի կամ, ինչպես հիմա, էլեկտրաէներգիայի գները բարձրացնել: Մեր խանութպաններն ու առեւտրականները, փաստորեն, իշխանությունից ու պետությունից առաջ ընկնելով՝ առաջինը հենց իրենք են ամեն ինչի գները բարձրացնում:
Ընդ որում՝ դա անում են անհամեմատ ավելի անազնվորեն. եթե իշխանություններն անում են՝ նախապես այդ մասին հայտարարելով, խանութատերերն ու առեւտրականներն իրենց շուրջօրյա թանկացումներն անում են առանց ժողովրդին տեղյակ պահելու եւ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, եւ եթե ժողովուրդն իշխանությունների նախաձեռնած թանկացումների դեմն առնելու նպատակով ընդվզում է, եւ եթե այդ ընդվզումները երբեմն արդյունավետ են ստացվում (տրանսպորտի թանկացումը հենց այդպես կանխվեց), ապա հացի, դեղերի եւ առաջին անհրաժեշտության այլեւայլ բաների թանկացման դեմ ժողովուրդն ի վիճակի չէ պայքարել. ավելի ճիշտ՝ ժողովրդի մտքով անգամ չի անցնում այդ մշտական թանկացումների դեմ պայքարել, եւ նույնիսկ ամենաընդդիմադիր պատգամավորների մտքով չի անցնում այդ անել. այսինքն՝ մեր մշտական ու հիմնական պայքարողների մտքով չի անցնում, որ ոչ միայն իշխանությունների դեմ պիտի պայքարեն, այլեւ հենց ժողովրդի. ժողովուրդ ենք ասում՝ հաշվի առնելով, որ հացի ու ամեն ինչի գները մշտապես փոփոխող ու բարձրացնող խանութատերերն ու առեւտրականներն էլ են ժողովուրդ, եւ ժամանակ առ ժամանակ իրենք էլ են իշխանությունների դեմ պատերի տակ ելույթներ ունենում՝ իրենք իրենց արդարացնելով ու չհասկացողներիս հասկացնելով, որ եթե գազը, ջուրը, էլեկտրաէներգիան ու ամեն ինչը թանկանում են, իրենք չեն կարող իրենց ապրանքի գինը նույնը թողնել:
Այսպես առաջին հերթին հացն են թանկացնում, հետո նոր՝ մյուս բաները: Եվ հետաքրքիրն այն է, որ հասարակ ու սովորական մահկանացուներս, որ ոչ իշխանություն ենք, ոչ խանութատեր եւ ոչ էլ առեւտրական, շատ դեպքերում միանգամայն ըմբռնումով ենք ընկալում այս ինքնարդարացումներն ու բացատրությունները՝ մոռանալով ու չհիշելով, որ մեր երկրում գլխավոր խանութատերերն ու սեփականատերերը եթե անձամբ իշխանության ներկայացուցիչներ չեն, ապա առնվազն սերտորեն են կապված իշխանությունների ու իշխանավորների հետ:
Կարդացեք նաև
Մենք մեզ սոցիալական երկիր ենք հռչակել, եւ առնվազն տարօրինակ ու անհասկանալի է, որ սոցիալական հռչակված մեր երկրում ինչ-որ մեկը կարող է հանապազօրյա հացի գինը բարձրացնել՝ առանց հայտարարության եւ առանց որեւէ բացատրության: Ոչ միայն հացի, այլեւ պանրի գինը: Ինչպես նաեւ՝ շաքարավազինը: Ինչպես նաեւ՝ մսինը: Ինչպես նաեւ՝ սուրճինը: Ինչպես նաեւ՝ դեղերի գները: Եվ այլն, եւ այդպես շարունակ: Ինչպես նկատեցիք, բոլորն էլ առաջին անհրաժեշտության հաճույքներ են, եւ դրանց թանկացումներն ամեն օր ու ամեն ժամ են խփում ժողովրդի դատարկվող եւ դատարկված գրպաններին: Բայց քանի որ այդ շարունակական թանկացումների մասին պաշտոնական հայտարարություններ չեն արվում, խաբուսիկ տպավորություն է ստեղծվում, թե մեզանում ընդամենը գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի գներն են թանկանում:
Եվ այդ խաբուսիկ տպավորությամբ էլ ապրում ենք: Եվ չնայած բոլորն են հասկանում, որ այսպես չի կարող երկար շարունակվել, առայժմ ոչ ոք սրա վերջը չի տեսնում ու չի պատկերացնում:
Ձեր խոնարհ ծառան՝ նույնպես:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
27.06.2015