Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կարող է խոսել շարժման անունից

Հունիս 27,2015 10:00

Վստահ եմ, որ ինչպես մարդկանց, այնպես էլ նրանց խմբերին եւ կազմակերպություններին օգուտ չի բերում վիրավորանքն ու խարազանումը: Առավել եւս՝ հայհոյանքը: Եթե, իհարկե, խնդիրը մարդկանց օգնելն է, քո շրջապատն ավելի բարի եւ կատարյալ դարձնելը: Եթե նպատակը սիրտդ հովացնելն է կամ ինքնահաստատվելը, ապա, այո, պետք է հնարավորինս թունդ բառեր օգտագործես:

Արմեն Աշոտյանին հայհոյելը որեւէ ձեւով չի բարելավել մեր կրթության եւ գիտության վիճակը, ինչպես նաեւ չի իջեցրել էլեկտրաէներգիայի սակագինը: Փոխարենը հայհոյողներն իրենց լավ զգացին: Ճիշտ նույն տրամաբանությամբ՝ Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներին ինչ-որ «թաքուն մտադրությունների» կամ «պատվեր կատարելու» մեջ կասկածելը հաճելի է կասկածողների համար, հնարավորություն է տալիս նրանց զգալ սեփական մտքի «խորաթափանցությունը», բայց որեւէ բան չի տալիս՝ իրավիճակը հասկանալու առումով:

Մյուս կողմից՝ հրճվելը, երկրպագելը, փառաբանելը նույնպես օգուտ չեն բերում մարդկանց կամ մարդկանց խմբերին: Նույն երիտասարդներին հիմա շատերը, նաեւ իշխանության կողմնակիցները, գովում են, եւ նրանք իսկապես շատ հարցերում արժանի են գովասանքի: Բայց նրանք, այնուամենայնիվ, 3 տարեկան երեխաներ չեն, որոնց ծնողները կանգնեցրել են աթոռին՝ տոնածառի մասին բանաստեղծություն արտասանելու համար: Նրանք դարձել են քաղաքական գործոն՝ անկախ այն հանգամանքից, որ պահանջներն առայժմ քաղաքական չեն, եւ բոլորիս նպատակը պետք է լինի, որ նրանք հնարավորինս արագ հասունանան: Հենց դա՛ է նախապայմանը որեւէ պարագայում չկոտրվելու եւ չհիասթափվելու: Այս պատմության ամենատխուր հնարավոր սցենարը հենց դա է՝ ավելի տխուր, քան հոսանքի գնի 7 կամ թեկուզ 17 դրամով թանկանալը: Շատ ավելի տխուր, քան ծեծվելն ու ջրվելը:

Էյֆորիայով կարելի է ապրել մեկ շաբաթ, լավագույն դեպքում՝ մեկ ամիս: Մշտապես գտնվել այս վիճակում՝ հնարավոր չէ: Որոշակի մի պահից հետո գալիս է սառը հաշվարկի ժամանակը, որը պետք է ոչ թե «չեղարկի», այլ լրացնի Բաղրամյան փողոցում քնելու կամ վոլեյբոլ խաղալու ռոմանտիկան: Եվ այդ սառը հաշվարկների մեջ մտնում է ոչ միայն սադրիչներից, հարբածներից, խուլիգաններից եւ «խփնվածներից» ազատվելու զգոնությունը, այլեւ այն գիտակցությունը, թե ով ինչպես կարող է օգտագործել այդ շարժումը: Ընդ որում, խոսքը թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության մասին է:

Սկզբի համար վատ չէր լինի պարզել, թե ով իրավունք ունի խոսելու այդ շարժման անունից: Արդյո՞ք ցանկացած մարդ, որը կգա քնելու Բաղրամյան պողոտայում: Իսկ եթե Բիբի՞նը գա: Կամ՝ Արմեն Աշոտյա՞նը: Իսկ եթե Բաղրամյան պողոտա է գալիս որեւէ կուսակցական եւ սկսում է ելույթ ունենալ: Կամ՝ որեւէ սադրիչ շարժման անունից հայտարարություն տարածի համացանցում, ինչը, կարծես, արդեն տեղի է ունեցել: Այնպես որ՝ բոլոր դեպքերում, անկախ իշխանության եւ, մասնավորապես, ոստիկանության գործողություններից, Բաղրամյանում մնալ-չմնալուց՝ պետք է մտածել ինքնակազմակերպման մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Միանգամայն համամիտ եմ հարգելի Աբրահամյան:

    • Արսեն says:

      Դու գիտես ինչու վարունգը (խիյար), կաղամբը (քյալամ) և դդումը միաժամանակ և բանջարեղեն են և ապուշության խորհրդանիշ?
      Նրանք՝ անհամ են։ Քո նման…

      • Ջիվան Նադարյան says:

        Հարգելի Արսեն, եթե դու անհամ ես համարում մարդկության մեծամասնության համար համեղ համարվող այդ հրաշալի բանջարեղենները, ապա դա կարող է վկայել, որ դու ոչ միայն խնդիր ունես մարդկանց հետ նորմալ շփման առումով այլ նաև համ ու հոտը հասկանալու առումով: Անկեղծ ասած աննախանձելի վիճակում ես:

        • Արսեն says:

          Ընդունում եմ սխալս։
          Այդ դեպքում, (ներողություն խնդդրելով վարունգից, կաղամբից և դդումից՝ նրանց անհարկի վիրավորելու համար)՝ վերևի մեկնաբանությունը դադնում է՝
          «Դու գիտես ինչու վարունգը (խիյար), կաղամբը (քյալամ) և դդումը միաժամանակ և բանջարեղեն են և ապուշության խորհրդանիշ?
          Նրանք՝ ՀԱՄԵՂ ԵՆ։ Քո նման»… ..))..

        • Արսեն says:

          Ւմիջայլոց… Ճիշտ ես նկատեել նաև, որ ես՝ հաղորդակցման խնդիրներ ունեմ, այն մարդկանց հետ, որոնք միշտ ամեն ինչի հետ համաձայն են..)))..
          Կոնկրետ քո դեպքում՝ նույնիսկ, քո այս «դիմադրությունն» էր զարմանալի…
          Իս սպասում էի, որ կպատասխանես.
          «Միանգամայն համամիտ եմ հարգելի Արսեն» ..))))…

          • Ջիվան Նադարյան says:

            Արսեն նախ ես չեմ ընդունում, որ միշտ և ամեն ինչի հետ համաձայն եմ: Ես ունեմ ինքնուրույն մտածողություն: Ինչ վերաբերվում է Արամ Աբրահամյանի տեսակետներին, ապա չեմ ժխտում, որ ես դրանց մեծամասնությամբ համամիտ եմ և ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ նրան հաճոյանալ կամ մեխանիկորեն եմ համաձայնվում, այլ անկեղծորեն կիսում եմ իր տեսակետները: Այլ խոսքով` շատ-շատ հարցերում ես էլ եմ իր նման մտածում, բայց իհարկե ոչ ամբողջովին: Եվ հետո դա ինչու է քեզ այդքան նյարդայնացնում, և մանավանդ մղում քեզ մարդկանց վիրավորելու: Չե որ ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու: Խնայի քեզ եղբայր…

      • Ruben says:

        Իմ պատկերացմամբ վարունգը (խիյարը) Լեւոն Տեր Պետրոսյանի խորհրդանիշն է, թարս վարունգը (խիյարը)՝ Սերժիկ Սարգսյանի, դդումը՝ Արմեն Աշոտյանի, կաղամբը (քյալամը)՝ վերում նշվածների բանջարանոցի («շարժման») ապուշների:

  2. Գալուստ Ենոքյան says:

    «թե ով ինչպես կարող է օգտագործել այդ շարժումը: Ընդ որում, խոսքը թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության մասին է:» Ինձ թվում է որ հասել է ժամանակը որ «իշխանություն» ներկայացնող Ազգային ժողովի «ընդդիմադիր» պատգամավորները , որ Բաղրամյան փողոցում «պատ» են խաղում վերջապես հրաժարվեն իրենց մանդատներից , եվ պահանջեն Ազգային ժողովի նոր ընտրություններ:
    Իշխանությունը արդեն խոսել է մեծ վեզիրի բերանով որ իրենք «նոքար» չեն , որից հետեվում է որ իրենց համար ՆՈՔԱՐԸ ժողովուրդն է , որից իրենք գողացել են տիրոջ իրավունքը…: Մնում է որ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ապացուցի որ իրենք են ՏԷՐԸ ԵՐԿՐԻ եվ ցույց տան նոքարին իրենց տեղը…

  3. Ruben says:

    «Սկզբի համար վատ չէր լինի պարզել, թե ով իրավունք ունի խոսելու այդ շարժման անունից:»
    Այդ շարժման անունից իրավունք ունի խոսելու ներկայիս նախագահը:
    1. Սեփականության (նախկին պետական խոշոր գույքի) վերաբաշխումը «թագակիրների մենաշնոհն է»: Քանի դեռ կա հնարավորություն, պետք է գռփի, ինչո՞վ է պակաս նախորդներից:
    2. ՌԴ-ի Ինտեր ՌԱՕ- ի դե՞մ է ժողովրդին հանել, «Պուտինի» պատվե՞րն է իրականացնում, թ՞ե չի համաձայնվում Պուտինի հետ՝ իրան «էշի տեղ» դնելով:
    Արեւայրուք (загар) ընդունուեք, միլցեքը կհովացնե ձեզ պետության անունից, բայց ի ձեր հաշվի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930