Եթե Բաղրամյանի վրա ամեն ինչ խաղաղ ու հրաշալի է, ապա հենց այս պահին էլ Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոց-Սայաթ-Նովա հատվածում, մինչեւ Թումանյան փողոց ոմանք անդադար միացնում են մեքենայի ազդանշանները, չնայած արդեն շատ ուշ ժամ է, եւ շրջապատի բնակիչները քնած են:
Շատ միամիտ կլինի կարծել, որ նրանք որեւէ կապ ունեն ցուցարարների հետ: Եթե հատուկ սադրիչներ չեն, ապա իրավիճակից օգտվել են ուզում պարզապես:
Մաշտոցից դեպի Թումանյան ձախ երթեւեկության բացակայության դեպքում՝ մի ջիպ բարձր ազդանշանները միացրած ուղղակի մտավ այդ փողոց, նրան հետեւեց եւս մեկը, ապա՝ մյուսը: Եվ դա այն դեպքում, երբ շուրջբոլորը ոստիկաններ էին հավաքված:
Մի այլ տեղ էլ ոստիկանները կանգնեցրել էին հավանաբար նման «քաջագործությամբ» աչքի ընկած տղաների խումբ տեղափոխող մեքենայի, որի ուղեւորները իրենց պահվածքով ամենեւին նման չէին Բաղրամյանի վրայի խաղաղ ցուցարարներին: Իսկ երբ, այնուամենայնիվ, ոստիկանները նրանց բաց թողեցին, նրանք նորից միացրեցին բարձր ազդանշանները, ինչին ի պատասխան այդ կողմով անցնող տաքսիները նույնպիսի ազդանշան արձակեցին՝ ի նշան համերաշխության: Նրանք, թերեւս, կարծում էին, որ այդ ազդանշան արձակողը ցուցարարներից էր: Մի խոսքով՝ այս իրավիճակում ցանկացած սադրանք հնարավոր է, եւ ոստիկանությունն էլ՝ բնակիչների անդորրը կազմակերպելու մտադրությունը վկայակոչելով կարող է տարբեր քայլերի գնալ:
Կարդացեք նաև
Մաշտոցի պողոտան «գրավելով» ուրախացողները պիտի ոչ միայն սա նկատի ունենան, այլեւ մի պարզ բան. որքան մեծանում է «գրավածդ» տարածքը, այնքան մեծանում է պատասխանատվությունդ՝ այդ ողջ տարածքի համար, ճիշտ նույնչափ էլ մեծանում է այդքան տարածքը հսկելու հավանականությունը: