Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների հարազատները՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին

Հունիս 27,2015 00:52

Քիչ առաջ նախագահականից մամլո հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը ընդունելիս, իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմին Ավետիսյանների սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշման համար:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ հետագա դատաքննությունը կատարվելու է Հայաստանի համապատասխան ատյանի կողմից:

Aravot.am-ի հետ զրույցում սպանված տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասաց, որ իրենք նախապատրաստվում էին մամլո ասուլիս հրավիրել ու բողոքի ակցիա անցկացնել Գյումրիում հուլիսի 2-ին՝ փոքրիկ Սերյոժայի ծննդյան օրը, երբ կլրանար նրա 1 տարին: Սակայն քիչ առաջ տեղեկանալով, որ սպանության գործը հայկական կողմին են հանձնել, մտափոխվել են:

«Ինձ զանգահարեց մեր փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը, տեղյակ պահելով այս մասին, չնայած ուրախանալու ոչ մի բան չկա, բայց ինչ-որ տեղ մխիթարվեցինք, որ վերջապես մեր փաստաբանները կկարողանան հստակ տեղեկություններ իմանալ այս գործի մասին, իմանան, թե ի՞նչ է քննվել մինչեւ օրս, ինչքան գիտեմ ռուսական կողմը իր քննածը հանձնելու է, միավորելու են հայկական կողմի հետ: Լավ եղավ հայի ձեռքն անցավ, գոնե տեղեկանանք՝ Պերմյակո՞վն է սպանողը, եթե նա է, մենա՞կ է եղել, թե՞ ոչ… Մեր փաստաբանները, լինելով պրոֆեսիոնալ, ռուսի ձեռքն էին նայում, ռուսական կողմը ինքը քննելով գործը, ոչ մի ինֆորմացիա չէր տրամադրում: Հիմա, երբ անցել է հայի ձեռքը, կարծում եմ, որ փաստաբաններին ու ողջ հասարակությանը պարզ կդառնա բոլորիս հուզող հարցերի պատասխանը: Ես համենայնդեպս հույս ունեմ:

Ես վստահ եմ, որ գործը հայկական կողմին հանձնեցին՝ վախենալով հասարակությունից, հենց հասարակության ճնշման ներքո արեցին: Նաեւ գիտեք ի՞նչ եմ մտածում. օրերս, որ Մայր Հայաստանի տարածքում ռուս զինծառայողին իր ծառայակից ընկերը սպանել էր, թեեւ ռուսական ռազմաբազայի տարածքում չէր կատարվել սպանությունը, բայց հայը բռնեց այդ գործը տվեց ռուսին , երեւի ռուսն էլ խղճի խայթ զգաց, մտածեց, ինքն էլ այս գործը հանձնի հայերի՞ն… Չգիտեմ արդեն ինչ ասեմ…

Իսկ ինչ մնում է Ավետիսյանների հարեւանների կողմից պատ շարելուն, որ իբրեւ իրենց պատերը երկարացնում են, որ պաշտպանվեն հարձակումներից, ես կարծում եմ, որ պատերն էլ իրենց չեն փրկի, գիտեն, թե սպանվող էրեխեքի ճիչը ուղեղներից պիտի դուրս գա՞…»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930