Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ճակատի գիրը՝ մեր հրապարակում

Հունիս 27,2015 16:00

– Հետեւի՛ր նշաններին,- ասում էր Շումերը, հետո Բաբելոնը: Հազարավոր տարածություններ հեռու ացտեկները կրկնում էին՝ հետեւի՛ր նշաններին:
Հետեւի՛ր նշաններին,- հաստատում էր արեւից խանձված Եգիպտոսը՝ Սֆինքսի հողմահար հայացքի առաջ, հետեւի՛ր նշաններին, հերթով կրկնում էին նրանք ու կործանվում՝ իրենց իսկ ստեղծած նշանների խորախորհուրդ թնջուկներում: Այնինչ, Աստծո գաղտնի միտքը անխոցելի է եւ միշտ միտված է մեր փրկությանը, եթե, իհարկե, գիտենք, թե ինչից ենք ուզում փրկվել… Իսկ դու գիտես:

Հետեւի՛ր նշաններին եւ թույլ մի տուր, որ վայրի ու վերին արջի ցեղերը քեզ դարձնեն իրենց հեռահար նպատակների զոհը: Թույլ մի տուր:

Հետեւի՛ր նշաններին, որ ուրիշի թրքահոտ մայդանները, որ ընդամենը մեյդան են, քո երկրի Ազատ հրապարակներում ու փողոցներում չիշխեն քեզ վրա, քանզի դու մեյդանի զավակը չես, այլ զավակն ես Արարատի, իսկ Արարատը հավերժ է…
Հետեւի՛ր նշաններին, հիշի՛ր, թե ինչպես սկսեցինք մեր կյանքի այս տարին: Ինչպես մեր ազգային սրբազան միասնությունը մեր ցավի շուրջ աշխարհի առջեւ մեզ դարձրեց մի դեմք եւ մի խոսք:

Այո՛:

Հետեւի՛ր նշաններին եւ ճանաչի՛ր եղբորդ դեմքը, որ երեկ դեռ անծանոթ էր քեզ:
Եվ հիմա եկել է ժամանակը՝ իրար ճանաչելու ու տեսնելու ժամանակը, որ արդեն հաստատված է ու կնքված սրբազան դրոշմով:

Թերեւս սա այն դեպքն է, որը փորձությունն է քո, որովհետեւ դու ըստ էության հանդիպել ես քո հակամարդուն եւ հարց է՝ կկարողանա՞ս հաղթահարել, թե՞ կընկնես նրա ազդեցության տակ, որովհետեւ քո էության փրկության խնդիրն է, երբ տեսնում, ճանաչում ես, թե ում եւ ինչը պիտի հաղթահարես, որպեսզի ինքդ էլ չվերածվես հակամարդու:
Հետեւի՛ր նշաններին եւ թույլ մի՛ տուր, որ քո ու քո եղբոր միասնությունը խարխլող, մարած քիրաճ, արժեզրկված քաղաքական գործիչներ հայտնվեն՝ օգտվելով քո ազնիվ մղումից, եւ փորձեն ղեկավարել քեզ:
Եվ ճիշտ է, որ դու դիմում ես քո երկրի նախագահին, քանի որ նա պետք է լինի քո առաջնորդը:

Չորս հազար հինգ հարյուր տարի առաջ այս օրերին Հայկ Նահապետը արձակեց հավերժության միջով թռչող իր նետը՝ մարդու եւ հակամարդու կռվում, եւ մարդը հաղթեց… Ափսոս, սակայն, որ կռիվը չդադարեց, այլ տեղափոխվեց մարդու երկիր:
Եվ մի՛ մոռացիր, որ դու ես ստեղծել աշխարհի առաջին նշանագրերը, որոնք հետո դարձան այն գիրը, որ սովորեցին ու կարդացին նորելուկ ցեղերը:
Եվ ահա այսօր, մեզանից անվերադարձ հեռացող ժամանակի մեջ, վաղուց եկել է պահը հավաքվելու եւ գնալու Նահապետի արձակած նետի լուսավոր հետքով, որի հանգրվանը միասնությունն է, ազգային պետականությունն ու անհակամարտ եւ անհակամարդ Հայրենիքը մեր:

Հետեւաբար այսօր քեզ խորհուրդ տվողները թող իրենց մայդանը պահեն իրե՛նց մեյդանում, իսկ քո ճակատի գիրը քո՛ լեզվով է գրված: Քո ճանապարհը նշված է ի վերուստ, դու ծնվել ես առաջնորդելու եւ ոչ թե հետեւելու օտար մեկի խոսքին` ով էլ լինի նա:
Հետեւի՛ր նշաններին եւ հիշի՛ր, որ հայի ճակատը լայն է, գիրը` մանր, օտարը ժամանակ չունի կարդալու, դո՛ւ ես կարդալու քո ճակատի գիրը:
Եվ այսօր դո՛ւ ես կանգնած քո ճակատագիրը վերծանելու առջեւ: Իսկ ես համոզված եմ` հաստատ կկարդաս, կհասկանաս ու կվերծանես:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930