Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական քարոզչամեքենան առաջ է մղում ծանր հրետանին

Հունիս 27,2015 15:30

Ինչու են ռուսական լրատվամիջոցները «հայաստանյան մայդանից»
անցել ՀՀ իշխանություններին քննադատելուն

Lifenews.ru, «Звезда», «Россия 24», ORT հեռուստաընկերությունները ամենաշատն են ապատեղեկատվություն տարածում այս օրերին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպվող բողոքի ցույցերի վերաբերյալ: Այս լրատվամիջոցների պատրաստած ռեպորտաժներր հիմնականում կրում են «Հայաստանում՝ քաղաքական մայդան» խորագրերը՝ առանց մատնանշելու, թե ինչ պահանջ է հազարավոր քաղաքացիների դուրս բերել փողոց: Ռուսական ԶԼՄ-ները հայաստանյան դժգոհությունը ներկայացնում են որպես քաղաքական: Ակնհայտ է նաեւ այն, որ եթերներից կտրվում հանվում են այն հատվածները, որտեղ հիշատակվում է «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության անունը, որին պատկանում է ՀԷՑ-ը: Անզեն աչքով էլ նկատելի է, որ այս երեւույթն ունի քարոզչական բնույթ:

«Առավոտի» հետ զրույցում մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ ռուսական լրատվամիջոցների գործունեության մեջ մարտավարական փոփոխություն է նկատվում, ու մանրամասնեց. «Ցույցերի առաջին օրերին ռուսական ԶԼՄ-ները սովորականի պես, իրենց բնորոշ ձեւով էին գործում. այսինքն՝ հենց որեւէ տեղ անհնազանդության նշույլներ են գտնում, դա փորձում են ներկայացնել որպես ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հակառուսական ակցիա: Նրանք նույն քարոզչության տակ են ներկայացնում այդ դեպքերը՝ որպես ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող պատվեր Ռուսաստանի դեմ»: Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ արդեն հաջորդ օրերին առաջին պլան մղվեց քարոզչական ծանր հրետանին՝ բլոգերները, այն անձինք, որոնք աշխատել էին նաեւ ուկրաինական դեպքերի ժամանակ: Սամվել Մարտիրոսյանը էլեկտրաէներգիայի թանկացման ակցիաների եւ քեսաբյան դեպքերի՝ ռուսական լրատվամիջոցների ներկայացման հարցում զուգահեռներ է տեսնում, երբ երկու դեպքում էլ փորձ էր արվում ստեղծել այլընտրանքային իրականություն: Դառնալով վերջին օրերի զարգացումներին՝ Սամվել Մարտիրոսյանը նկատեց. «Ուզում են ստեղծել մի այնպիսի իրականություն, որ իբր Հայաստանը կործանվում է եւ առանց Ռուսաստանի գոյատեւել չի կարող»:

Ըստ մեդիա փորձագետի՝ ՌԴ ԱԳՆ-ն անհասկանալի կերպով ռազմավարություն ու հռետորիկա է փոխել. «Հիմա էլ խոսում են այն մասին, որ հայաստանյան իրադարձությունները մայդան չեն, այլ ներքաղաքական խնդիր, ու սկսել են քննադատել ՀՀ իշխանություններին, թե լավ չեն տիրապետում երկրի կառավարմանը»: Ըստ փորձագետի՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների աշխատանքը հիմնականում ուղղված է նրան, որ ցույց տան, թե գոյություն ունի արտաքին թշնամի, որը Ռուսաստանի դեմ է աշխատում:

Հետաքրքրվեցինք՝ ո՞ր լրատվամիջոցներն են, որ քիչ թե շատ հավաստի տեղեկատվություն են տրամադրում հայաստանյան զարգացումների մասին, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դրանցից են «Medusa. Io»-ն, «ДОЖДЬ» հեռուստաընկերությունը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Բայց ապատեղեկատվություն տարածողները շատ ավելին են»: Հետաքրքրվեցինք՝ հայ ցուցարարների՝ ռուս լրագրողների նկատմամբ պահվածքն արդարացվա՞ծ է, երբ նրանց գործունեությանը խոչընդոտում են, ծաղրում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Ռուսաստանյան ԶԼՄ-ները մեկուկես օրվա մեջ իրենց դեմ հրահրեցին մի հասարակության, որը ամենաչեզոքն էր ռուսաստանյան լրատվամիջոցների հանդեպ»: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ Հայաստանն այժմ հայտնվել է տեղեկատվական պատերազմի ոչ թե մեջ, այլ մեջտեղում, դարձել մի յուրօրինակ հարթակ, ու այս իրավիճակը չեզոքացնելու հարցում մեծ դերակատարություն ունեն հայաստանյան ԶԼՄ-ները, որոնք աշխատում են անձնուրաց:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930