Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմանալ 20 տարի՞

Հունիս 27,2015 15:00

Կառավարությունը փորձում է մշակել
էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի վերաբերմունքն այս օրերին Երեւանում սկսված, ապա հանրապետությունում ծավալվող շարժմանը` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, երկակի է: «Մի կողմից՝ ես ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք ունեն ակտիվ քաղաքական դիրքորոշում: Մտահոգ եմ, որ բովանդակային որեւէ քննարկում տեղի չի ունենում, որովհետեւ եթե չկա երկխոսություն, ապա, կարծում եմ, այդ կողմը չունենալով բավարար տեղեկատվություն՝ որոշ դեպքերում ծայրահեղ, ոչ իրատեսական պահանջներ է ներկայացնում: Կան պահանջներ, որոնք կարող են լրջորեն վտանգել երկրի էներգետիկ անվտանգությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

Հետաքրքրվեցինք` երկխոսության ընթացքում ի՞նչ տեղեկություն պիտի տրամադրվի, որի մասին մինչեւ հիմա չի խոսվել, որն իշխանությունը չի բարձրաձայնել, ու նկատեցինք, որ իշխանության բերած բոլոր փաստարկներով հանդերձ՝ երիտասարդների պահանջը բավական հստակ է`չթանկացնել էլեկտրաէներգիան: «Խոսվելը ճիշտ եք ասում, խոսվել է, բայց չի լսվել, չի քննարկվել, չեն բերվել որեւէ հակափաստարկներ: Քննարկումը հենց դրանում է կայանում, որ մի կողմը ներկայացնում է փաստարկներ, մյուսն ասում է` ես պահանջում եմ, որովհետեւ…»:

Դիտարկմանը, որ ՀՀ քաղաքացիների պահանջում ռացիոնալ հատիկ կա, քանզի արդարացի է, որ մեր քաղաքացիները չեն ցանկանում օտարերկրյա ընկերությունների ղեկավարների շքեղ կյանքի կամ ընկերության վատ կառավարման համար վճարել, մեր զրուցակիցը մեղադրանք հնչեցրեց նաեւ լրագրողների հասցեին` նկատելով, որ իրենք քանիցս են նշել, որ շքեղությունը, որի մասին խոսում են ակտիվիստները, չի հաշվարկվել սակագնում: «Թեեւ դրա մասին խոսվել է բազմիցս, երեկ խոսել է նաեւ վարչապետը, անգամ դուք չեք փորձել ընկալել խոսքի էությունը»,- ասաց նա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, երեկ կառավարության նիստից առաջ բավական ծավալուն խոսել է հարցի շուրջ: «Առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ՝ ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրված հոսանքն ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր: Երկրորդ պատճառն ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013 թվականի դեկտեմբերին, որը տեւել է 88 օր:

Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեցուկես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա եւս բերել է լրացուցիչ ծախսերի: Երրորդ հիմնական պատճառը վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումն է: Բնականաբար, դա եւս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը նաեւ որոշել է սոցիալապես անապահով շուրջ 105.000 ընտանիքների համար ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24.000 ՀՀ դրամի չափով` մեղմելու համար էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բեռը:

Վարչապետի հայտարարությունները որեւէ կերպ չնպաստեցին բողոքի ալիքի մեղմացմանը: Ավելին՝ երեկ հորդառատ անձրեւի տակ հանրապետության տարբեր քաղաքներում ակցիաներ էին ընթանում, Բաղրամյան պողոտայում տրամադրությունները շարունակում են մարտական մնալ: Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ ինչի՞ կհանգեցնի այս ամենը: «Ես դժվարանում եմ ասել` ինչի կհանգեցնի: Կանխատեսումներն իմ լավագույն կամ ուժեղ կողմը չեն: Իսկ վարչապետի խոսքում հնչած փաստարկներին պետք է ներկայացվեն որոշակի հակափաստարկներ: Եթե որեւէ հակափաստարկ չի ներկայացվում, արդեն լուրջ վերաբերվելու հարցն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցի շուրջ նաեւ խորհրդարանում բուռն քննարկումներ եղան, որոշ պատգամավորներ հակափաստարկներ, առաջարկներ էլ ներկայացրեցին: Հարցը զարգացում ստացավ, ու հանրության մի մասն այսօր փողոցում է: Այս ամենը չի՞ վկայում, որ կառավարությունը լուրջ անելիքներ ունի` Հայաստանի էներգետիկ համակարգի վերանայման, վերագնահատման ու վերագործարկման առումով: «Էներգետիկ համակարգում, ինչպես նշեց վարչապետը, կան բազմաթիվ խնդիրներ: Եվ եթե նայում ենք՝ ապագայի տեսլական ունե՞նք, ապա պետք է պատկերացնենք, թե ի՞նչ ձեւով ենք լուծելու էներգետիկայում ծառացած հարցերը: Խնդիրը վերաբերում է շատ ավելի լուրջ հարցերի` ի՞նչ կառուցվածք ենք պատկերացնում, ի՞նչ չափով ենք մենք պատկերացնում ՀՀ-ում ջերմակայանների զարգացումը, նոր ատոմակայանի լինել-չլինելու հարցը, փոքր ՀԷԿ-երի զարգացման, լինել-չլինելու հարցը, որովհետեւ նրանք էլ, բնականաբար, բերում են բացասական բնապահպանական հետեւանքներ եւ այլն: Սրանք բարդ, համալիր հարցեր են, որոնց անդրադարձ պետք է կատարվի: Արդեն մի քանի ամիս է՝ կառավարությունը լարված աշխատում է այդ ուղղությամբ: Փորձում ենք նախապատրաստել մինչեւ 2036 թվականն էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր: Բնականաբար, հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, կանխատեսումներ, գազի գնի հնարավոր փոփոխություններ, գազի խողովակի այն կարողությունները, որոնք Հայաստան են մտնում Իրանից եւ Հյուսիսային կողմից, միջուկային վառելիքի գինը եւ այլն: Բազմաթիվ գործոններ ենք հաշվարկում, այդ թվում նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը` արեւային, հողմային էներգիա: Սրանք բոլորը պետք է համատեղվեն, եւ դրա հիման վրա որոշում կայացվի, թե ո՞ր ճանապարհն է առավել արդյունավետ Հայաստանի համար»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Հետաքրքրվեցինք նաեւ` հետեւե՞լ է մեր զրուցակիցը ռուսական լրատվամիջոցների կողմից հայաստանյան իրադարձությունների լուսաբանմանը, քանի որ դրանք հաճախ ապատեղեկատվություն են, ակնհայտ ուղղորդված, կողմնակալ, բողոքի ակցիաները ներկայացվում են իբրեւ Արեւմուտքի կողմից իրականացվող հեղափոխության փորձ: Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընդհանրապես ժամանակ չի կորցնում իրավիճակը ներկայացնող լուսաբանումների վրա: Բայց կարծիք հայտնեց, որ, ցավոք, ոչ ուղղորդված, օբյեկտիվ մամուլ շատ քիչ է հանդիպում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930