Շվեդիայից ժամանած հայ եւ քուրդ երիտասարդների տպավորությունը
Շվեդիայի Լինշոպինգ համալսարանում սովորող երկու երիտասարդներ՝ ազգությամբ հայ Արթին Համբարձումյանը եւ քուրդ Հեդի Մոբարազը այս օրերին Երեւանում են: Նրանք պրակտիկա են անցնում «Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» հ/կ-ում: Ասում են՝ բավականին բան են սովորել:
«Առավոտի» հետ զրույցում Արթինը հայտնեց, որ շատ է հավանել Երեւանը, ասում է՝ այն լեցուն է կենսուրախ մարդկանցով, ուրախ քաղաք է, ինչ վերաբերում է շվեդներին, երիտասարդի բնորոշմամբ, նրանք մի քիչ սառն են: «Հաճելի է, որ երեկոները մարդիկ զբոսնում են քաղաքում, մարդիկ ջերմ են, շփվող»,- ոգեւորված է հայազգի երիտասարդը: Սա նրա երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ 2007 թվականին է եղել Երեւանում, ասում է՝ քաղաքը բավականին դիմափոխվել է: Այն ժամանակ տպավորություն էր ստացել, որ մարդիկ մի փոքր ագրեսիվ են եւ նրանց հետ կապ հաստատելը բարդ է. «Հիմա տպավորությունս փոխել եմ, Երեւանը հիասքանչ է»:
Հեդին նշում է, որ միանգամից սիրել է Երեւանը: «Ես ծնվել եմ շատ փոքր քաղաքում, տարբերությունները նկատելի են իմ քաղաքի ու Երեւանի: Ինձ Երեւանում ընդհանրապես տպավորել է մշակույթը, Հայաստանում ընդգծված համադրություն եմ տեսնում Արեւելքի եւ Եվրոպայի»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրան տեղեկացրինք, որ Հայաստանում քրդական համայնք կա, որոնց հետ կարող է հանդիպել: Երիտասարդն ափսոսանքով նշեց, որ չի հասկանա նրանց քրդերենը՝ խոսվածքների տարբերությունների պատճառով:
Հեդին պատմեց, որ Հայաստանի մասին առաջին անգամ լսել է՝ ծանոթանալով Արթինի հետ. «Գիտեի, որ փոքրիկ, գեղեցիկ երկիր է, որը միայն Երեւանը չէ: Երբ google որոնողական համակարգով Արմենիա բառն էի որոնում, տեսա գեղեցիկ եկեղեցիների նկարներ, լեռներ, բնություն»:
Արթինը պատմեց, որ բոլոր ծանոթները խնդրել են Հայաստանից անմոռուկներ բերել ու ինքը 40 անմոռուկ է գնելու, նաեւ Վերնիսաժից շախմատ ու դուդուկ: Հեդիին էլ է դուր եկել դուդուկը եւ շախմատը, նա նաեւ հայկական «Արարատ» կոնյակ է գնելու:
Տղաները կարծում են, որ բոլոր երկրներում երիտասարդները նույնն են՝ իրենց հետաքրքրություններով, խնդիրներով, սովորելու, լավ մասնագետ դառնալու ու լավ աշխատանք ունենալու ցանկությամբ: Պարզեցինք, որ մի քանի օրվա ընթացքում քուրդ երիտասարդը սովորել է բարեւ ձեզ եւ մերսի արտահայտությունները, ասում է՝ ցտեսությունը հայերեն շատ բարդ բառ է, ավելի լավ է անգլերեն good bye ասի:
Մեր զրույցի ժամանակ խոսք գնաց շվեդահայ երիտասարդների ինքնության պահպանության մասին: Արթինը հավաստիացրեց, որ երիտասարդներին ավելի շատ հայ են պահում հայկական միությունները, որտեղ բազմաթիվ երիտասարդներ են ընդգրկված: Ասում է՝ հայկական միջոցառումների ժամանակ, օրինակ՝ ապրիլի 24-ին Ստոկհոլմում 5000 մարդ էր մասնակցում ցույցին՝ հայկական դրոշներով, ոգով: Ասում է՝ բոլորն էլ մոտ են իրենց արմատներին: Նա նաեւ հպարտ է, որ վերջերս իր ծննդավայր Օրեբրոյում Ցեղասպանության հուշահամալիր է բացվել:
Հիշեցնենք, որ Շվեդիայի հայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին` հիմնականում ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից գաղթած հայերի: Վերջին տարիներին համայնքը շարունակում է համալրվել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիրիայից Շվեդիա մեկնած հայերով: Արթինի ասելով, հայը մնում է հայ, որ երկրում էլ ծնված լինի: Ինչ վերաբերում է իր ծննդավայր Օրեբրո քաղաքին, այն բավականին ակտիվ «Արարատ» հայկական միություն ունի: Ինչպես մի առիթով այդ միության ղեկավարներ եւ ամուսիններ Համբարձում Արթինն ու Ալիս Դանիելն էին ասել, որ իրենց համայնքը փոքրաթիվ է, բայց ակտիվ: Այս քաղաքում ընդամենը 200-250 հայ է ապրում, իսկ «Արարատ» միության մեջ 150 մարդ է ներգրաված:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Արթին Համբարձումյանը (աջից) եւ Հեդի Մոբարազը:
«Առավոտ» օրաթերթ
26.06.2015