Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հենվեք ձեր մշակույթի վրա»

Հունիս 27,2015 13:30

ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս իտալացի ճանաչված երաժիշտը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 26-ին Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) կազմակերպած համերգով կավարտվի ֆիլհարմոնիկի ընթացիկ երեւանյան համերգաշրջանը: Կարճատեւ դադարից հետո նվագախումբը կմեկնի Բեյրութ, վերադառնալուն պես՝ Արցախ, ու այդպիսով կեզրափակի այս համերգաշրջանը:

Երեւանյան վերջին համերգում, որտեղ նվագախումբը կներկայանա կամերային կազմով, հրավիրված են մենակատարներ՝ օպերային երգչուհի Արծվիկ Դեմուրչյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը եւ Իտալիայից հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն (լուսանկարում):

«Առավոտը» հանդիպեց առաջին անգամ Հայաստան այցելած իտալացի երաժշտի հետ: Վերջինս 1998-ից հանդիսանում է Հռոմի օպերային թատրոնի առաջին հոբոյահարը եւ մինչ այդ էլ նույն կարգավիճակով տարբեր տարիների համագործակցել է Ջենովայի Carlo Felice, Միլանի Alla Scala, Թուրինի թագավորական թատրոնների հետ, ինչպես նաեւ Սանրեմոյի սիմֆոնիկ, Տոսկանայի նահանգի եւ Միլանի «I Pomeriggi Musicalli» նվագախմբերի հետ: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, իրեն ձգում է նվագախմբում աշխատա՞նքը, թե՞ մենակատարի կարիերան: Ջանֆրանկո Բորտոլատոն հայտնեց, որ իրեն մշտապես ավելի շատ հետաքրքրել է մենակատարի գործունեությունը, սակայն տարբեր նվագախմբերում, ինչպես նաեւ իր վերջին աշխատատեղում՝ Հռոմի օպերային թատրոնում, աշխատանքը ապահովում է ամսական կայուն աշխատավարձ: Նշեց, որ իբրեւ մենակատար մենահամերգներ է ունեցել Կոլումբիայում, Գվատեմալայում, Պերուում, Վենեսուելայում, Քենիայում, Կուբայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Արգենտինայում եւ այլուր:

Bortolato-2

Ջանֆրանկո Բորտոլատոն (կենտրոնում) ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանի եւ փոխկոնցերտմայստեր Արամ Ասատրյանի հետ:

Ունի թողարկված CD-ներ եւ մի առանձնակի ոգեւորությամբ հայտնեց Ռիկարդո Մուտիի, Յուրի Տեմիրկանովի, Էլիահու Իմբալիի, Ջանլուիջի Գելմետիի, Ադամ Ֆիշերի, Չարլզ Դյութուայի եւ հայտնի այլ դիրիժորների անունները, որոնց ղեկավարությամբ, իր խոսքերով, պատիվ է ունեցել հանդես գալ իբրեւ մենակատար: Իտալացի երաժշտից կարծիք խնդրեցինք հայտնել մեր նվագախմբի մասին. «Համերգային ծրագրում ընդգրկված են Մարչելլոյի, Բելլինիի եւ Վերդիի հոբոյի եւ նվագախմբի համար գրված ստեղծագործությունները: Ամենկարեւորը՝ հայացքով ես եւ դիրիժոր Թոփչյանը հասկանում ենք միմյանց, նույնիսկ փորձի ժամանակ պահեր եղան, որ նվագախմբի հմայիչ կոնցերտմայստերի հետ, ելնելով, իհարկե, ստեղծագործության մեկնաբանումից, «խոսեցինք» հայացքով: Իսկ ընդհանրապես, այս կամ այն երկրի նվագախմբից հրավեր ստանալու դեպքում, մանավանդ, երբ առաջին անգամ պետք է համագործակցես, կարծում եմ, ցանկացած երաժիշտ հետաքրքրվում է տվյալ նվագախմբի ու նրա դիրիժորի ստեղծագործական նկարագրով եւ նոր միայն ընդունում հրավերն ու մեկնում»:

Հայաստանյան երաժշտական կյանքում իբրեւ մենակատար փողային գործիքների երաժիշտների հաճախ չենք հանդիպում: Այս բացը լրացնում է, իհարկե, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ տարբեր միջոցառումներում ընդգրկելով նման երաժիշտ ուսանողներին: Ֆիլհարմոնիկի երաժիշտների հետ ունեցած հարցումը, թե վերջին անգամ մեզ մոտ ե՞րբ է «դրսից» հրավիրվել հոբոյահար, մեր զրուցակիցները պարզապես չհիշեցին, իսկ քչերն էլ հավաստիացրին, թե վերջին 25 տարում իտալացի այս երաժիշտը երկրորդն է, այդպես էլ չհիշելով առաջին հոբոյահարի անունը, միայն նշեցին, թե 1990-ականների վերջերին էր դա, երաժիշտն էլ Մեծ Բրիտանիայից էր:
Չնայած, նկատենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի 7-րդ տարեդարձին նվիրված փառատոնի համերգներից մեկում՝ 2004-ին, իբրեւ մենակատար հանդես է եկել կանադացի հոբոյահար Ալեքսանդրա Փոհրան Դոքինսը: Ազգային օպերային թատրոնի նվագախմբի հետ վերջերս հանդես եկավ իսպանացի հոբոյահար Յորդի Բերտրանդը, իսկ Երիտասարդական նվագախմբի հետ 2013 թ. հանդես է եկել ֆրանսաբնակ հոբոյահար Ալեքսեյ Գրինչուկը:

Քանիցս տարբեր առիթներով փաստել ենք, որ ժամանակակից հայ կոմպոզիտորները պարզապես չեն ստեղծագործում փողային գործիքների, այդ թվում՝ հոբոյի համար: Ջանֆրանկո Բորտոլատոյից էլ հետաքրքրվեցինք, թե այսօր ինչ վերաբերմունք ունեն հոբոյի նկատմամբ մերօրյա «դրսի» հեղինակները: «Մեկ խնդիր կա աշխարհում. չգիտես ինչու, այսօր պարզապես քիչ են լսում կամ ընդհանրապես չեն ունկնդրում ժամանակակից երաժշտություն, մինչդեռ մեր օրերում ստեղծագործում են պարզապես վիրտուոզ ռուս, ֆրանսիացի, իսպանացի հոբոյահարներ: Ինչ վերաբերում է գրականությանը, ապա կատարում ենք հիմնականում բարոկո ոճի հեղինակների (Մոցարտ, Վիվալդի եւ այլն) ստեղծագործությունները: Իհարկե, հիանալի գործեր ունեն նաեւ Լուչիանո Բերիոն, Անթալ Դորատին եւ մյուսները»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչ-ինչ խնդիրների լուծում տալու նպատակով անցկացվում են միտինգներ ու ցույցեր, գուցե երաժիշտներն էլ համախմբվեն եւ իրենց վրա հրավիրեն, ասենք, ժամանակակից հեղինակների ուշադրությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցույցերի անցկացմանը մարդիկ հիմնականում դիմում են իրենց տնտեսական վիճակը բարելավելու նպատակով եւ նման միջոցառումներն անցկացվում են դարձյալ հիմնականում տնտեսական ծանր վիճակի հետեւանքով: Ես ականատեսն եմ այս օրերին ձեր երկրում անցկացվող բողոքի միջոցառումների: Միայն մի բան կարող եմ ասել՝ Իտալիայի նման երկրում, որը համարվում է երաժշտարվեստի բնօրրան, մարդիկ չեն կարողանում շրջանցել ցույցերը, մինչդեռ մեր կառավարությունը պետք է գիտակցի, որ կոնկրետ՝ մեր երկրի տնտեսությունը կարելի է հարստացնել մշակույթի շնորհիվ: Իսկ դուք գիտե՞ք, որ եղել է ժամանակ, որ Իտալիայի կառավարությունը ցանկանում էր փակել Հռոմի օպերան… Ինչ վերաբերում է Հայաստանին, գիտեմ, որ ունեք բազմադարյա հարուստ մշակույթ, ծանոթ եմ նաեւ աշխարհում ձեր երաժշտարվեստի առանձին ներկայացուցիչների հաղթարշավին… Ասել կուզեմ, որ ձեր կառավարությունն էլ պետք է նման հուզումներից խուսափելու համար հենվի ձեր մշակույթի վրա»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930