Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մեր մարզիկներին հոգեբանորեն լավ կոփեց

Հունիս 27,2015 13:00

Բաքվում ընթացող Եվրոպական ամառային 1-ին խաղերում վեց մարզաձեւերի Հայաստանի օլիմպիական հավաքականներն ավարտում են մրցելույթները:
Այսօր առավոտյան մրցագորգ մտնելու էր մեր վերջին ներկայացուցիչը՝ մինչեւ 73 կգ քաշային ձյուդոիստ Դավիթ Նիկողոսյանը: Իսկ երեկ նրա թիմակիցներ Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ) եւ Ժաննա Ստանկեւիչը՝ 52 կգ, չկարողացան մեդալ նվաճել, թեեւ Հովհաննեսը սփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունն ուներ:

Ընդհանուր առմամբ, Բաքվում մեր մարզիկների մասնակցությանն ի՞նչ գնահատական կարելի է տալ: Շտապելու հարկ չկա: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ ըստ մարզաձեւերի մեր ազգային ֆեդերացիաները դեռ վերլուծելու ժամանակ ունեն ու, կարծում ենք, իրենց եզրակացությունները կհրապարակեն լրատվամիջոցների հետ հրավիրվելիք մամուլի ասուլիսներում: Իսկ մինչ այդ ասենք, որ հայաստանցիների հենց միայն մասնակցությունը մեր հանդեպ անբարյացկամ տրամադրված հարեւան երկրի հողում ընթացող մրցումներին արժանի է միայն դրվատանքի: Ճիշտ է, զուտ մարզական տեսանկյունից՝ նվաճված մեդալների քանակի եւ որակի առումով մեր սպասելիքներն ավելի մեծ էին: Բայց չմոռանանք, որ մրցումներն անցկացվում էին Ադրբեջանում ու դեռ վաղուցվանից պարզ էր, որ այնտեղ անելու էին ամեն բան, որպեսզի ոչ միայն ի նշան հաղթանակի Բաքվում չհնչեր Հայաստանի օրհներգը, այլեւ ընդհանրապես Հայոց Եռագույնը չբարձրանար: Եվ մեծ հաշվով դա նրանց հաջողվեց: Միակ «վրիպումը», որ կազմակերպիչ կողմը թույլ տվեց, հունահռոմեական ըմբշամարտում էր: Ու այդ անակնկալը նրանց մատուցեց մեր 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը (լուսանկարում), որը որակավորման փուլից սկսած «անսպասելիորեն» տարավ երեք հաղթանակ, մտավ կիսաեզրափակիչ եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարների ու մրցավարների համար անցանկալի իրավիճակ ստեղծեց: Այստեղ Միհրանի մրցակիցը գորգի տիրոջ կարգավիճակում հանդես եկող Հասան Ալիեւն էր: Հայ մարզիկը այս անգամ էլ մարտական էր տրամադրված ու լի էր անպայման հաղթելու վճռականությամբ, ինչն էլ արեց մրցագորգում՝ ոչ մրցակցին, ոչ էլ մրցավարներին գոտեմարտի ընթացքի վրա ազդելու ոչ մի շանս չտալով: 3:1՝ եւ Միհրան Հարությունյանը եզրափակչում էր: Նա պայքարելու էր չեմպիոնական ոսկու համար: Եվ այստեղ էր, որ կողմնակալ մրցավարությունը, այնուամենայնիվ, հասավ իր առջեւ դրված խնդրի մասնակի լուծմանը՝ ռուսաստանցի Անդրեյ Սուրկովի հետ գոտեմարտում ամեն գնով խանգարել հայաստանցու հաղթանակին, որպեսզի «Մեր Հայրենիքը» Բաքվի կենտրոնում՝ Հեյդար Ալիեւի անունը կրող մարզապալատում, չհնչի: Բայց միեւնույն է, այդ օրը Բաքվում բարձրացավ Հայաստանի պետական դրոշը:

Ադրբեջանից ստացված տեղեկատվությունների համաձայն, Եվրոպական խաղերում հայաստանցիների՝ դեպի պատվանդան տանող ճանապարհը փակելու համար հնարավոր ամեն բան արվել է նաեւ բռնցքամարտում: Մյուս մարզաձեւերի մասին, հավանաբար, կտեղեկանանք ավելի ուշ:

Մեր օլիմպիական պատվիրակության ղեկավարությունը դեռ չի վերադարձել մրցավայրից: Նրանք այնտեղ կմնան այնքան ժամանակ, մինչեւ մեր վերջին ներկայացուցիչը հեռանա Ադրբեջանից: Բայց այս ընթացքում տեղեկացել ենք նաեւ, որ Հայաստանի պատվիրակությունը կողմնակալ մրցավարության դեմն առնելու առիթով ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկիին դիմելու անհրաժեշտություն է ունեցել:

Մինչեւ վերջ անկեղծ լինելու համար ասենք նաեւ, որ մեր մարզիկներից ոմանք էլ իրենց իրական հնարավորությունները ցուցադրել չկարողացան: Բայց նրանց էլ պետք է հասկանալ, պատկերացնել, թե հոգեբանական ինչպիսի վիճակներում են մտել պայքարի մեջ: Այս ամենով հանդերձ, չկա չարիք՝ առանց բարիքի: Ադրբեջանում մրցումների մասնակցելը անխտիր մեր բոլոր մարզիկների համար հոգեբանորեն կոփվելու լավ փորձություն եղավ, որը նրանց կարող է շատ օգնել ապագայում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930