Sotheby՚s աճուրդի տանը իմպրեսիոնիստական շրջանի մի շարք գործեր են օրերս վաճառվել: Մասնավորապես, Կլիմտի «Գերտրուդայի դիմանկարը» մուրճի հարվածից հետո հեռացել է 25 մլն ֆունտ ստերլինգով: Մասնագետները սա ռեկորդային աճուրդ են համարում: Կտավի տերը խոստացել է այն ցուցադրել 2016-2017թթ. Նյու Յորքում բացվելիք «Գուստավ Կլիմտը եւ Վիեննայի ոսկե դարաշրջանի կանայք» ցուցահանդեսի շրջանակներում: Պիկասոյի «Երկու հերոսը» կտավը աճուրդի տնից հեռացել է 6 մլն 389 հազար ֆունտով: Այս աշխատանքը նկարչի այն գործերից է, որոնք ծնվել են նրա սիրած էակի՝ Մարիա Թերեզա Վալտերի հանդեպ տածած զգացմունքների ու ոգեշնչման արդյունքում:
Էդգար Դեգան այս աճուրդում ներկայացված էր քանդակի տեսքով: Արվեստագետի «14-ամյա փոքրիկ պարուհին» աշխատանքը աճուրդի տնից ուղղակի թռցրել են 10-15 մլն ֆունտ ստերլինգով: Մալեւիչի «Սուպերմատիկ կոմպոզիցա N 18» աշխատանքն էլ վաճառվել է 30 մլն-ով:
«Առավոտ» օրաթերթ
26.06.2015