Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական և մասնավոր ներդրումները տարեցտարի ավելանում են». Արև Սամուելյան

Հունիս 26,2015 23:20

«Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումն ու վերականգնումը Մշակույթի նախարարության գերակա խնդիրներից է նաև այս տարի»,- Բջնիում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Նրա տեղեկացմամբ՝ եթե 1988 թվականին ՀՀ տարածքում հաշվառված էր շուրջ 15 հազար հուշարձան, ապա այսօր հաշվառված հուշարձանների թիվը հասնում է 24224-ի: Միայն վերջին 3-4 տարիների ընթացքում 500 հուշարձան է հայտնաբերվել:

2015-06-26-12.37 2015-06-26-12.33

«Հայտնի է, որ Հայաստանը բավականին մեծ պատմամշակութային ժառանգություն ունի, բայց այն նաև պահպանության կարիք ունի, որը միայն լիազոր մարմնի պարտականությունը չէ»,- ասաց Ա. Սամուելյանը՝ ընդգծելով, որ հնագիտական պեղումների քանակի տարեցտարի ավելացմանը զուգահեռ շատ կարևոր են նաև դրանց վերականգման աշխատանքները, որոնց համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ ոչ միայն պետության, այլև մասնավոր կառույցների կողմից: «Անկախությունից հետո հուշարձանների վերականգնմանն առաջին անգամ պետական միջոցներ ուղղվել են 2004 թվականին, որից հետո՝ մինչև 2015 թվականը, պետբյուջեից հատկացված մոտավորապես չորս միլիարդ դրամով շուրջ 68 հուշարձան է վերականգնվել»,- նշեց Սամուելյանը՝ հավելելով, որ պետական ներդրումները տարեցտարի ավելանում են: Նրա խոսքով՝ պետական ֆինանսավորման ծավալների մեծացմանը զուգահեռ՝ մեծացել են նաև մասնավոր կառույցների ներդրումները: «Նախորդ տարի, օրինակ, մասնավոր հատվածի կողմից մոտ 850 միլիոն դրամ է ներդրվել հուշարձանների վերականգնման համար»,- նշեց մշակույթի փոխնախարարը:

Վերականգնվող հնագույն հուշարձաններից մի քանիսն էլ գտնվում են Բջնիում: Այստեղ է գտնվում նաև միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, որի վերականգնման աշխատանքներն սկսվել են դեռևս 2006 թվականից՝ պետության ջանքերով:

Ամրոցի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից:

Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Նշենք, որ պեղումների արդյունքում Բջնիի հնավայրում հայտնաբերվել են նաև 9-10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, վաղմիջնադարյան եկեղեցու մասեր, բնակելի տներ, ջրամբար:

Ի դեպ, մշակույթի փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ մինչև հուլիսի 20-ը Կառավարությանը կներկայացվի հուշարձանների պահպանությանը վերաբերող մայր օրենքի խմբագրված տարբերակը: «Սա ոչ թե վատ օրենք էր և դրա համար մշակվեց, այլ, պարզապես, 1998 թվականին ընդունված օրենք է: Իսկ այդ ժամանակվանից մինչև 2015 թվականը մի շարք իրավական ակտերի հետ համաձայնեցման խնդիրներ են առաջացել, Հայաստանը միացել է միջազգային շատ կոնվենցիաների: Արդյունքում նաև նոր պահանջներ են առաջացել՝ թե՛ պահպանման, թե՛ վերականգնման հետ կապված»,- ասաց Սամուելյանը՝ ընդգծելով, որ օրենքի նոր խմբագրությունն ուղղակի անհրաժեշտություն էր:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930