Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները քիչ առաջ արձագանքեցին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի բաշխիչ ցանցերում աուդիտի անհարժեշտության մասին հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ եւ ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է, որ ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մաքսիմ Սոկոլովը էլ նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:
Արձագանքելով այս հայտարարություններին` ցուցարարներից մեկն ասաց, որ իշխանությունների աուդիտի քայլն շատ ուշացած է. «Մեր պահանջը որոշման չեղարկումն է: Սա մեր բոլորիս որոշումն է: Մնալու ենք փողոցում այնքան` մինչեւ որոշումը չեղյալ հայտարարվի: Մենք աուդիտին չենք խաբվելու»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ նա ցուցարարներիn հարցրեց, թե պատրա՞ստ են արդյոք մնալ փողոցում այնքան ժամանակ` մինչեւ իրենց պահանջը կատարվի: Ցուցարարները միաձայն բղավեցին «այո» եւ սկսեցին վանկարկել «չենք հեռանում», «հաղթելու ենք»:
Բարձրախոսով ելույթ ունեցող ցուցարարն ասաց, թե իշխանությունները հենց առաջին օրը պետք է աուդիտ անցկացնեին. «Իշխանությունները պատրաստ չեն որոշում կայացնել, բայց մենք դեռ ժամանակ ենք տալիս: Սակայն պատասխանատու չենք, որ տրամադրությունները կարող են փոխվել: Ժողովուրդն իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս»:
Նա նաեւ հայտարարեց, որ իրենք միայն հոսանքի թանկացման դեմ չեն պայքարում, այլ նաեւ բոլոր այն ապրանքների, որոնք կթանկանան հոսանքի հետ միասին:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ