Հարցազրույց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ
– Ինչո՞ւ նստացույցի երկրորդ օրը որոշեցիք գնալ Բաղրամյան պողոտա եւ պատնեշ կանգնել ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Դա ձեր նախաձեռնությունն էր, թե` կուսակցական հանձնարարություն:
– Դա եղել է, բնականաբար, իմ նախաձեռնությունը, թեև ինքս հասկանում եմ, թե որքան անհամոզիչ այն կարող է թվալ բոլոր նրանց համար, ովքեր նման իրավիճակներում տղամարդկություն չունեն անգամ լվացվելու ինքնուրույն որոշում կայացնելու համար կամ նրանց համար, ում տղամարդկությունը բավարարում է միայն կեղտոտ ջրում ձուկ որսալու համար՝ ապավինելով ցուցարարների անտեղյակությանը կամ իրավիճակի լարվածությանը: Առաջին գիշերը ոստիկանության կողմից կիրառվել էին հատուկ միջոցներ, և ցուցարարների ու ոստիկանության միջև կենդանի պատ կազմելու նախաձեռնությունը նպատակ ուներ լրացուցիչ երաշխիք լինել, որ ոստիկանության կողմից նման միջոցներ չեն կիրառվի, թեև ոստիկանության բարձրագույն ղեկավարությունը այդ մասին արդեն հայտարարություններ արել էր: Այս իրավիճակը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու այն, ինչի մասին ես առիթ ունեցել եմ արտահայտվելու բազմիցս՝ քաղաքական համակարգը մեր երկրում ճգնաժամ է ապրում և քաղաքացիները կորցրել են վստահությունը քաղաքական կուսակցությունների ու գործիչների նկատմամբ, ինչը մեր քաղաքական համակարգը լիուլի վաստակել է անկախության այս քսանչորս տարիների ընթացքում ու այս համատեքստում իշխանություն-ընդդիմություն արհեստական բաժանումը այսօր նույնիսկ եփած հավի ծիծաղն է առաջացնում:
– Դուք վստահ էիք, փաստորեն, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառելու ու գնում էիք դա կանխելու: Դա ձեր վերաբերմո՞ւնքն է մեր ոստիկանության նկատմամբ, որն արդեն երկու տարի է բարեկրթվել է, ինչպես հավաստիացնում է ոստիկանապետը:
Կարդացեք նաև
– Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ուժի կիրառումն անընդունելի է: Այդ ցուցարարները՝ ճնշող մեծամասնությամբ հրաշալի երիտասարդներ են, ումով կհպարտանար ցանկացած երկիր ու ժողովուրդ, արտահայտում են, ըստ էության, ողջ հասարակության տեսակետը և խորհրդանշում են պահանջատիրության, արժանապատվության ու անկախության գաղափարները: Այն վարքագիծը, որ դրսևորում է ոստիկանությունը դրան հաջորդող օրերին մինչ այս հարցազրույցի պահը, միայն ու միայն հիացմունք է առաջացնում և պետք է ընդունել, որ դա ևս խոշոր ձեռքբերում է, անկախ նրանից, որ քաղաքական ու քաղաքացիական որոշ շրջանակներ շա՜տ կցանկանային, որ դեպքերը Բաղրամյանում զարգացման լրիվ այլ ընթացք ունենային:
– Ի՞նչ զգացիք, երբ ցուցարարները, մեղմ ասած, չընդունեցին ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունը Բաղրամյան պողոտայում: Ավելին, Ձեր կուսակից ընկերոջ հասցեին բավական տհաճ արտահայտություններ վանկարկվեցին:
– Դուք ինչպե՞ս եք մտածում, ինչպե՞ս պետք է ցուցարարները վերաբերվեն քաղաքական մեծամասնության ներկայացուցչին, երբ նրանց աչքում, տվյալ պահին հենց դու ես հոսանքի թանկացման որոշման հեղինակը, որքան էլ այն հեռու լինի իրականությունից կամ որոշ մարդիկ ծանոթ չլինեն խնդրի շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ քո ունեցած դիրքորոշումներին: Սա բնական է: Ես առավել քան հիանում եմ խաղաղ ցուցարարների հաստատակամությամբ, որ բողոքի շարունակվող ակցիաները զերծ են պահում տարբեր քաղաքական ուժերի՝ հասարակական ինդուլգենցիա ստանալու իրական շարժառիթից կամ կայացման խնդիր ունեցող գործիչների ազդեցության տակ հայտնվելու ոչ ավել ոչ պակաս կործանարար ազդեցությունից: Այդ ամենը իրականում տասներորդական նշանակություն ունի: Այսօր պետք է ամեն ինչ անել, որպեսզի ցույցերը շարունակեն կրել խաղաղ բնույթ, իսկ ոստիկանությունը հատուկ միջոցներ չկիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ մենք՝ քաղաքական գործիչներս պետք է ոչ թե թամաշա անենք կամ կեղտոտ ջրում ձուկ որսանք, այլ ամեն օր հրապարակ նետենք խնդրի լուծման տասնյակ բանաձևեր, որոնցից մեկը կարող է աշխատող լինել և իրավիճակի կարճաժամկետ կամ երկարաժամկետ լուծում հանդիսանալ:
– Ձեր քայլի համար կուսակցական ընկերներից կամ վերադասներից նախատինքի չարժանացա՞ք:
– Արդեն իմունիտետ ունեմ նման ծիծաղելի հարցադրումները հումորով ընդունելու համար: Չգիտեմ կուսակցական ընկերները ովքեր են, որ կարող են ինձ նկատողություն անել կամ չանել: Նկատողողություն ինձ կարող է անել միայն Հանրապետության նախագահը, իսկ Նախագահի կողմից իմ գործողությունների համար երբեք նկատողություն չեմ ստացել. շատ դեպքերում հակառակը եղել է: Հանրապետության Նախագահի հետ իմ ունեցած հարաբերություններում սրտակից միջնորդների անհրաժեշտություն չկա, և կարծում եմ, որ շահագրգիռ քաղաքական շրջանակները սա վաղու՜ց պետք է հասկացած լինեին:
– Երեկ վարչապետը հայտարարեց, որ միեւնույն է, էլեկտրաէներգիայի սակագինը չի վերանայվելու: Ինչո՞ւ է իշխանությունն այդքան համառում:
– Կառավարության առաջարկած լուծումը ողջունելի է: Սա արդեն կարևոր ցուցիչ է, որ իշխանությունների ականջը բաց է հասարակական տրամադրությունների առջև: Սակայն ակնհայտ է, որ այն հետևանքների մասնակի հաղթահարման դեղատոմս է, ինչը չի բավարարում հասարակության սպասելիքները: Ես կարծում եմ, որ հարցերի ամբողջական լուծման որոնումները պետք է ինտենսիվորեն շարունակվեն և կգտնվի այն ճիշտ լուծումը, որը մի կողմից կբավարարի խաղաղ ցուցարարների պահանջը, մյուս կողմից երկրի էներգետիկ համակարգը զերծ կպահի ցնցումներից ու կրկին չենք առերեսվի հովհարային անջատումների: Վստահ եմ, որ նման լուծում գտնել հնարավոր է ու մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Հանրապետության նախագահը կգտնի այդ լուծումը:
– Հնարավո՞ր է վերանայեք ձեր անդամությունը ՀՀԿ-ին, քանզի իշխող քաղաքական ուժի, որի անդամն եք դուք, քայլերի ու պատասխանատվության բեռի հետ հաճախ եք անհամաձայնություն հայտնել նաեւ խորհրդարանի անցած նստաշրջանում` տարբեր հարցերի շուրջ:
– Նման հարցերն արդեն դառնում են ծիծաղելի: Ես Հանրապետության նախագահի հանդեպ ունեմ հարյուր տոկոսանոց վստահություն և հարգանք: Հետևություններ կատարեք ինքներդ: Հարյուր առիթ եմ ունեցել ասելու, որ իմ պատկերացումները քաղաքական մեծամասնության մասին այլ է. ես չեմ կարծում, որ լինել քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ նշանակում է չունենալ սեփական կարծիք կամ չարտահայտել այն, եթե ունես պատասխանատվության եւ սրտացավության զգացում՝ չխախտելով, իհարկե, քաղաքական ու ֆրակցիոն կարգապահությունը: Նման տոտալիտար մտածողությունը, եթե նկատել եք այսօր առավել բնորոշ են ընդդիմադիր ուժերին, քան խորհրդարանական մեծամասնությանը: Չեմ չարախնդում, դա փաստ է: Եթե դա այդպես չլիներ, վստահաբար, հասարակական տրամադրությունների արտահայտողի դերում այսօր մենք կունենայինք հենց ընդդիմադիր քաղաքական ուժերին:
– Ի՞նչ եք մտածում ընթացող շարժման մասին, ինչո՞վ այն կավարտվի:
– Արժանապատիվ երկխոսությունն այլընտրանք չունի: Խաղաղ ցուցարարները, հասարակության անունից պահանջում են հոսանքի սակագնի թանկացման որոշման չեղարկում: Առաջին հայացքից նման պահանջի բավարարումը առանց լրացուցիչ լուծումների ու քայլերի, ինչպես մասնագետներն են ասում, բերելու է ողջ էներգետիկ համակարգի փլուզման: Ցուցարարները կամ հասարակությունը չունի պարտավորություն գտնելու այն հավելյալ քայլերը կամ լուծումները, որոնք թույլ կտան բավարարել ցուցարարների արդար սոցիալական, ապաքաղաքական պահանջը, առանց կասկածի տակ դնելու էներգետիկ համակարգի գործունեությունը: Դա նախևառաջ մեր՝ իշխանություններիս, բայց նաև ողջ քաղաքական համակարգի պարտավորությունն է, և այդ ողջամիտ լուծումները ցանկացած պարագայում պետք է շատ արագ գտնվեն ու առաջարկվեն հասարակությանը: Ու այստեղ խորհրդարանը ևս անելիք ունի: Չեմ կասկածում, որ նման լուծումներ գտնվելու են, իսկ իշխանության ուժը սեփական ժողովրդի պահանջներին ընդառաջ գնալու կամքի մեջ է և ոչ թե հակառակը:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ