Ինչպես տեղեկացանք քիչ առաջ նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մաքսիմ Սոկոլովը գոհունակությամբ է նշել, որ Երևանում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, ընթացել է հաջող՝ աշխատանքն ավարտելով հստակ արդյունքներով: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո որակապես նոր հնարավորություններ են բացվել փոխգործակցության և Հայաստանի գործարար համայնքի համար՝ միության տարածքում իրենց գործարար ծրագրերի իրագործման համար»:
Նշյալ հաղորդագրությունում նաեւ մեկ այլ ուշագրավ հատված կար.
«Օգտվելով առիթից՝ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին: Միևնույն ժամանակ, Նախագահը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ»:
Կարդացեք նաև