Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսպիսի համախմբվածություն մեկ էլ 1988 թվականին եմ տեսել». (Ֆոտոշարք)

Հունիս 26,2015 20:00

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնողները հունիսի 19-ից վստահեցնում են, որ չեն հեռանա Բաղրամյան պողոտայից, քանի դեռ իրենց պահանջը չի բավարարվել: Եվ արդեն քանի օր է՝ Բաղրամյան պողոտան շարունակում է մարդաշատ մնալ:

Արարատ քաղաքը ակցիային միացել է առաջին իսկ օրվանից՝ մոտ հիսուն բնակչով: Այս թիվը չի գոհացնում նույն քաղաքի բնակչուհի Մարիամ Ասատրյանին: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ընկերների հետ փորձել է համաքաղաքացիներին իրազեկել՝ ինչի համար են իրենք հավաքվել Բաղրամյան պողոտայում: «Մի մասը չէր ուզում լսել, մի մասն ասում էր՝ պարապ չենք, որ գնանք-հասնենք Բաղրամյան, ակցիայի մասնակցենք, մեկ է՝ ոչինչ չի փոխվելու»,- պատմեց մեր զրուցակիցը:

Մարիամը, սակայն, լիահույս է, որ իրենց պահանջը կբավարարվի, եթե մարդկանց հոսքը Բաղրամյան պողոտա գնալով աճի և ոչ թե նվազի. «Իսկ որ գնալով աճում է, դա ակնհայտ է»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ իրենց պահանջածը մի մեծ բան չէ. «Իշխանությունը շատ-շատ բաներ փոխելու հնարավորություն ունի, որպեսզի մեր երկիրն օրինական ու իսկական երկիր դառնա: Ուղղակի չի ուզում, որովհետև ինչքան անօրինական երկրում ապրի, այնքան ավելի շատ կարող է ժողովրդին քամել, օգտագործել»,- կարծում է Մարիամ Ասատրյանը:

Բողոքի ակցիային մասնակցող Նաիրա Բաղդասարյանն ասում է, որ այսպիսի համախմբվածություն մեկ էլ 1988 թվականին է տեսել. «Ուղղակի գաղափարներն այն ժամանակ ուրիշ էին, ուրիշ Հայաստանի համար էինք պայքարում, ուրիշ Հայաստանի մասին էինք մտածում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակիցը հավելեց, որ հպարտանում է այսօրվա սերնդով, պայքարող երիտասարդներով: Միայն ափսոսում է, որ «այսպիսի Հայաստանում» է պայքարում. «Նոր սերունդն արժանի է ոչ թե խարդախ, այլ ազնիվ ու ազատ Հայաստանում ապրելու»,- ընդգծեց Ն. Բաղդասարյանը՝ նշելով, որ բոլորս ենք պարտավոր պայքարել մեր երազած Հայաստանի համար. «Ախր կես բուռ էլ չենք մնացել: Պետք է համախմբվենք ու իսկապես դառնանք մեր երկրի տերը: Եթե ոչ մենք, ապա գոնե մեր երեխաները»:

Մեր զրուցակիցը գրեթե չի կասկածում, որ Ազատության հրապարակում, ապա Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ պայքարող մարդիկ հաջողության կհասնեն. «Ես հավատում եմ այնքանով, որ ես, իմ սերունդը տեսել ենք այդպիսի փոփոխություն: Տեսել ենք, որ միահամուռ կանգնելով՝ ամեն ինչ հնարավոր է փոխել: Անհնարին ոչինչ չկա, համախմբվելով սարեր էլ շուռ կտանք»,- ամփոփեց նա:

2015-06-26-15.05 2015-06-26-15.08 2015-06-26-15.30 2015-06-26-15.31 2015-06-26-15.40 2015-06-26-16.09

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ոհ, հիմա եք բաղդատական 1988-ի հետ…

    ուղղակի պորտապաշտութիւն դարձաւ այս կրկեսը

    Իսկ ոեւէ մէկը նկատի առնո՞ւմ է թէ այս աղմուկն ու պատկերները ինչ անդրադարձ են ունենալու զբօսաշրջիկութեան նկատմամբ:

    Իմ շուրջ (նորմալ աշխարհում) մի քանի անձիք արդէն, որոնք տակաւին առաջին անգամ ըլլալով մտածում էին վերջապէս այցելել Հայաստան, ինծ հարց են տալիս թէ արդեօք… ապահո՞վ է, կա՞յ անվտանգութեան հարց:

    Նկատի առէք որ ամառուայ սկիզբն ենք: Մէյ մը որ այդպիսի անձիք որոշեն հետաձգել իրենց ճամբորդութիւնը դէպի Հայաստան, եւ ծրագրեն մի ուրիշ տեղ երթալ իրենց տարեկան արձակուրդին համար, Հայրենիքը պարզապէս զրկուելու է անոնց այցելութենէն:

    Եթէ այս վնասը՝ գոնէ աւելի լուրջ եւ ծանր նիւթի մը համար ըլլար, բարի, կ’արժէր: Սակայն կ’արժի՞, այս նիւթով:

    Սակագնի յաւելման համազօր նպաստ տրուելու է կարիքաւորներին: Նոյնիսկ մի քիչ աւելի. կախեալ է ելեկտրականութեան գործածութիւնից, եւ այդ ուղղութեամբ հնարաւոր խնայողութիւնից:

    Կը մնա՞յ ինչ, կը մնայ ո՞վ… Տակաւին գրեթէ պատանի ցուցարարների ամէն մէկին ձեռքը՝ ամենաարդիական տեսակի բջջային կայ: Եթէ զայն, օրական, մի րոպէ պակաս գործածեն միայն – այսինքն, մի րոպէ, երկու հարիւրի վրայ… – , սակագնի յաւելման տեղը կը հանեն:

    Ամէն դէպքում, իրենք իսկ չեն տան ելեկտրականութեան սակը վճառողը: Իրենց ծնողներն են: Որովհետեւ փաստօրէն այս երիտասարդները աշխատող իսկ չեն, անոնցմէ են որ առաւօտուց իրիկուն կը ֆրրան քաղաքում… Հիմա ել գտել են մի լաւ առիթ զուարճանալու:

    Երեւանի շփացած սերունդի ցոյցերն են ասոնք: Իրենք զիրենք եւրոպացի կամ ամերիկացի երեւակայող ջահելների ինքնահաճ խանդաղատանք:

    Սակայն չափահասների մեծամասնութիւնը ենթարկուած է անոնց քմայքներին: Քանզի անհնար է երիտասարդների հակադրուիլ, զանոնք քննադատել… Պէտք է միայն շոյել, ծափահարել, սքանչանալ:

    Արդէն, այս ժամանակներին, ծնողքը ի՞նչ կարող է ասել երեխային… Ինք ենթարկուած է անոր… Դերերը յեղաշրջուել են:

    Այդ ել մի ուրիշ բռնատիրութիւն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930