Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը անարդյունավետ կառավարման հետեւանքն է: Այս մասին հունիսի 26-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա նշեց, որ համակարգում դրված մոդելը մի ուղղությամբ է աշխատում՝ միայն գնի բարձրացման, իսկ ինքնարժեք, ծախսերի խնայողություն չկա. «Բախշման համակարգը անարդյունավետ է: Ես գիտակցում եմ, որ այսօր չկան լուծման մոդելները, չկան եղանակները, եւ դա էլ բացթողումներից մեկն է»:
Անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայում հայտարարած նստացույցին՝ Բագրատ Ասատրյանն ասաց, որ կողմնակից է իրենց պահանջին. «Եթե այս պահանջը չիրականացվի, հաստատ համոզված եղեք հաջորդ տարի նույնպես 5 դրամով, 10 դրամով բարձրացման խնդիրն է դրված լինելու: Մոդելը Հայաստանի Հանրապետությունում սա է, գինը անընդհատ պետք է աճի, եւ չգիտեմ բացթողում է, անարդյունավետ կառավարում է, դրա համար պետք է Հայաստանի քաղաքացին վճարի: Այ այս մոդելն է, որ այսօր ջարդվում է, որի պարագայում մեր իշխանությունները, մեծ քաղաքական միտքը, որը պառլամենտում է նստած, հավանաբար, կմտածեն լուծումների մասին»:
Նա հայտարարեց, որ հիացած է շարժումով, Բագրատ Ասատրյանը խոստովանեց, որ տարվա սկզբից մռայլ էր, բայց այս մի քանի օրերի ընթացքում լուսավոր կետեր են հայտնվել. «Իշխողը դարձել էր գորշությունը, մեկ էլ պարզվում է, որ Հայաստանում կան պարզ դեմքով մարդիկ, որոնք կայացած են: Այնտեղ՝ հրապարակում, հավաքվածների մեծամասնությունը հասարակությունում իրենց տեղն ունեն՝ աշխատում են, եկամուտներ ունեն, եւ ամենակարեւորը՝ մտածում են Հայաստանի ապագայի մասին: Ես ոգեւորված եմ»:
Կարդացեք նաև
Իսկ այն հանգամանքը, որ հունիսի 23-ին ցուցարարներին բերման ենթարկելուց հետո ուղարկել են նարկոլոգիական դիսպանսեր Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ նսեմացնելու համար էր. «Պառլամենտում թմրամոլների տեսակարար կշիռն ավելի շատ է, քան Բաղրամյան պողոտայում, թո՛ղ գնան այնտեղ ստուգեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ