«Պետք է պահանջել նոր հանձնաժողով, որը մանրակրկիտ ուսումնասիրության կենթարկի այս ամբողջ թալանի գործընթացը, եւ կտեսնենք, որ այդ 7 դրամի անհրաժեշտությունը չկա»,- հունիսի 26-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի 25-ի հայտարարությանը , ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:Նա նկատեց,որ ծանրագույն կետերում անհրաժեշտություն է առաջանում առաջ բերել վարչապետին, օրինակ բերելով, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու լուրը նույնպես վարչապետն է հայտարարել. «Մարդիկ հասկանում են, թե ինչի համար է այդ ամենն արվում»:
Իսկ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց Գուրգեն Եղիազարյանի հետ, ըստ տարբերություն չկա՝ վարչապետն է ասո՞ւմ, թե՞ երկրի նախագահը. Նույնն իշխանություն է, վարչապետն ասում է երկրի նախագահի կարծիքը: Լեռնիկ Ալեքսանյանը համարում է՝ վարչապետն ասել է այն, ինչ կա. «Վարչապետը նաեւ ասաց, որ պետության ունեցած ռեզերվն ինչքան հնարավորություն ունի, դա դեռեւս վերջնական չէ: Սոցիալական այն խավը, որն ավելի շատ է տուժելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, պետությունը իր հնարավորությունների չափով կփորձի այդ բացը լրացնել»:
Իսկ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց, որ երիտասարդների ակցիան ՀՀ իշխանություններին հնարավորություն է տալիս շատ ավելի համարձակ, կոշտ բանակցել «Ինտեր ՌԱՕ»-ի հետ, որպեսզի Հայաստանում կենսամակարդակը եւ բիզնեսը չվնասվի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ