Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ասաց՝ բա ո՞վ է տալու այդ փողը». Պետրոս Ղազարյանը՝ հոսանքի թանկացման մասին

Հունիս 26,2015 17:48

«Այս թանկացումն ընդամենը առիթ է, մարդիկ դժգոհ են վատ կառավարումից: Իսկ դա քաղաքական խնդիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Պետրոս Ղազարյանը: Ըստ նրա՝ քաղաքականություն ասելով միշտ հասկանում ենք հրաժարական, հիմա հրաժարականի պահանջ չկա, բայց հոսանքի թանկացումը քաղաքական հարց է, լուծումը քաղաքական դաշտում է:

Անդրադառնալով ՀԷՑ-ի կուտակած պարտքերին, նա շարունակեց. «Եթե ՀԷՑ-ն այդ պարտքերը չտա, համակարգը կկանգնի ճգնաժամի առջեւ, կգնանք 91, 92 թիվ: Հիմա այդ փողը ո՞վ պետք է տա: Որոշվեց, որ ժողովուրդը պետք է տա, բայց ժողովուրդը չի ուզում տա, որովհետեւ փող չունի: Հիմա այդ փողը ո՞վ պետք է տա, Ռուսաստանը չի տալիս, Արեւմուտքը տալիս է, բայց Ռուսաստանն ասում է՝ մի տուր, Հայաստանի իշխանությունն էլ փող չունի, ժողովրդին էլ չեն կարող ծեծել, ասել՝ գնա տուն… Երբ կյանքը վատանում է ու դու գիտես, որ վատ կառավարման արդյունքում է, այս վիճակն է ստեղծվում: Հիմա չգիտենք՝ ով է տալու ՀԷՑ-ի պարտքերը, որովհետեւ պարզվեց, որ ժողովուրդն այլեւս թույլ օղակը չէ»:

Անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, որ էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող չբարձրանալ, պարոն Ղազարյանն ասաց. «Վարչապետը նույն բանն ասաց, ինչ ես, բա ո՞վ է տալու այդ փողը: Հիմա որ ձգձգվում է հարցի լուծումը ու ոչ մի բան չի արվում, մտածում են, թե որտեղից փող ճարեն: Գուցե բանակցություննե՞ր են գնում Ռուսաստանի կամ Արեւմուտքի հետ: Վիճակը վատ է, բայց նրանք են հասցրել այս վիճակին»:

Նա ասաց, որ ՀԷՑ-ում պետք է միջազգային անկախ աուդիտ արվեր: Ըստ նրա՝ քաղաքացիներն այսօր փողոցում են ոչ թե հոսանքի թանկացման համար, այլ՝ որ վստահ են, որ թանկացումն անարդար է:

Վերջում էլ հավելեց, որ իր համար անտրամաբանական է, թե ինչու ողջ ԱՊՀ տարածքում միայն Հայաստանը պետք է հոսանքի համար այդքան թանկ վճարի, այն դեպքում, երբ նույնիսկ լավատեսական տվյալներով Հայաստանում աղքատության ցուցանիշն անցնում է 30%-ը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հհ says:

    Պետրոս Ղազարյանը քաղաքական մեկնաբան չի, կիլոմետրերով հեռու է քաղաքական մեկնաբան լինելուց.ՍԱ ՄԵԿ:

    Նա խոսում է` համ նալին համ մեխին տրամաբանությամբ: Չի հասկացվում կողմ է թանկացմանը, թե դեմ: Անգամ չգիտի, թե ով պետք է փակի ՀԷՑ-ի կերած փողերը: Վախենում է ասել, որ աղբյուրներ կան` սկսած ՀԷՑ-ի կառտավարիչ ընկերության փոփոխությունից:

    Կարճ ասած` այս հարցազրույցը լրիվ ՈՒՐՎԱԳԻԾ է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930