Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի շարունակական սպառնալիքները անհարիր են Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը և վնասում են կազմակերպության հեղինակությանը. Հ. Նաղդալյան

Հունիս 26,2015 17:46

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ  «Ոչ ատելությանը» խորհրդարանական ալյանսի հանդիպումը` «Նեո-ռասիզմի ճանաչումն ու կանխարգելումը» թեմայով, որի շրջանակներում ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բարձրաձայնեց մի շարք մտահոգություններ` կապված Ադրբեջանում ահագնացող քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության քաղաքականության դրսևորումների հետ:

Ելույթն ամբողջությամբ` ստորև.

«Հարգելի գործընկերներ,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սանտերինիին` գերազանց արված ու շատ կարևոր աշխատանքի համար, քանի որ այսօր, 21-րդ դարում, երբ քաղաքական ծայրահեղականության դրսևորումները նոր ձևավորում են ստանում  և դառնում ավելի ու ավելի ինտենսիվ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, առավել քան երբևէ, բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին անհանդուրժողականությունն է, ռասիզմն ու այլատյացությունը: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ շարժով պայմանավորված, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, որն առաջ է բերում նոր սոցիալական եւ մշակութային մարտահրավերներ: Այս առումով, անհանդուրժողականությունն այսօր Եվրոպայի լրջագույն խնդիրներից մեկն է:

Հարավային Կովկասի տարածաշրջանը, ցավոք, ականատեսն է այսպիսի ռիսկերի:

Ինչպես արդարացիորեն նշում է զեկուցողը «Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն իրենց խոսքի ազդեցությունը»: Մեր հարևան ադրբեջանական իշխանությունների կողմից  ամենաբարձր մակարդակով հնչող Հայաստանին և հայերին ուղղված ատելության կոչերը և պատերազմական հռետորաբանությունը, մտահոգության լուրջ առիթ են , քանի որ այն հաճախ հանգեցնում է սահմանի վրա անմեղ կյանքերի կորստի:

Ադրբեջանի նախագահը իր հրապարակային ելույթներում ողջ հայ ժողովրդին դիտարկում է որպես « թիվ մեկ թշնամի», և այն, ինչ ամբողջ աշխարհում համարվում է հանցագործություն , Ադրբեջանում  գնահատվում է փառահեղ արարք, ինչպես և տեսանք Սաֆարովի դեպքում, ով ազատ էր արձակվել և հերոսի կոչում ստացել Ադրբեջանի իշխանությունների կողմից` հայ զինվորին քնած վիճակում կացնահարելու համար: Բարձրաստիճան գեներալները, հնչեցնելով իրենց նախագահի խոսքերը, հայտարարում են, որ յուրաքանչյուր հայ պետք է սպանվի:

Տիկնայք և պարոնայք, սա վտանգավոր ուղի է, որն ազդում է ոչ միայն երկրի ներկայի, այլև ապագայի վրա:

Առավել ցավալի է, որ երկրում թշնամանքի և այլատյացության քաղաքականությամբ պայմանավորված` Ադրբեջանի երիտասարդ սերունդը մեծանում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում:  Ավելին, ադրբեջանական հասարակության ներսում ցանկացած փորձ կապեր հաստատելու, վստահություն ստեղծելու երկու երկրների հասարակությունների միջև` Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժեղ դիմադրության են հանդիպում և դաժանորեն ճնշվում:

Ադրբեջանի շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ և ատելություն սերմանող սադրիչ հայտարարությունները անհարիր են Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը, և որոշ չափով վնասում են կազմակերպության հեղինակությանը:

Միջազգային կազմակերպությունները տալիս են իրենց համապատասխան գնահատականները Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումներին:

Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության Եվրոպական Հանձնաժողովը Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել է « Հայաստանի Հանրապետությանը առնչվող պաշտոնական և լրատվամիջոցների մշտական բացասական երկխոսությանը », և խորհուրդ է տվել ադրբեջանական իշխանություններին` « պատշաճ կեցվածք ընդունել` հայերի դեմ խտրականության և ատելության բոլոր դեպքերում»:

Հարգելի գործընկերներ,

Երբեմն թվում է, որ մենք գիտակցաբար խուսափում ենք առերեսվել իրականությանը, փակում ենք մեր աչքերը այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում ԵԽ անդամ այս  պետության մեջ: Հաճախ Վեհաժողովը զբաղվում է խնդիրներով, որոնք դուրս են մեր իրավասություններից, բայց սա հենց այն հարցն է, որին մեր Վեհաժողովը պետք է անդրադառնա և համապատասխան իրավական գնահատական տա:

Ինչպես շեշտվեց զեկուցողի կողմից`  «Ազգային իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը պետք է զգոն լինեն: Ռասիզմի, անհանդուրժողականության և այլատյացության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար»:

Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ժողովուրդների միասնության ամրապնդումը և նրանց հոգևոր արժեքների ըմբռնումը:

Մենք պետք է վճռական լինենք արմատախիլ անելու նման դրսևորումները աշխարհի յուրաքանչյուր անկյունում` մեր հաջորդական գործողություններով, որոնք միտված են առանց բաժանարար գծերի Եվրոպա ունենալուն» :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930