Հունիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային կառույցների և հաստատությունների ցանցի (RESIFECO) 3-րդ հանդիպումը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Ռումինիայի ազգային համակարգող, ցանցի նախագահ Վիկտորիա Պոպեսկուի և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Շանտալ Մորենոյի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը ներկա էին Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության, Մոլդովայի և Ռումինիայի ազգային համակարգողները և ազգային կառույցների պատասխանատուները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ցանցի տարածաշրջանային գործողությունների ծրագիրը և հեռանկարները: Մասնակիցները կարևորեցին Հայաստանի օրինակով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանների ստեղծումը` Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցաբար: Ազգային պատասխանատուները ողջունեցին ս/թ. հոկտեմբերի 10-11-ին Ֆրանկոֆոնիայի նախարարական հաջորդ համաժողովի անցկացումը Երևանում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի Ֆրանկոֆոնիայի տարածմանը տարածաշրջանում:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն ընտրվեց RESIFECO-ի նախագահ, իսկ Բուլղարիայի ազգային պատասխանատու Մարիա Դոնևսկան՝ փոխնախագահ:
ՀՀ ԱԳՆ