Ս.թ. հունիսի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել և անցկացրել է հանրային ծառայության ոլորտում շահերի բախման օրենսդրության կատարելագործման առաջարկությունների փաթեթի քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր, գործադիր և պետական այլ մարմինների, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ և այլոք:
Հիմք ընդունելով 2009թ.-ից մինչ օրս շահերի բախման ոլորտում կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները և երկրի միջազգային պարտավորությունները՝ ԹԻՀԿ-ն մշակվել է շահերի բախման օրենսդրության վերլուծության զեկույց, որի նպատակն է վերլուծել Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության ոլորտում շահերի բախմանն առնչվող օրենսդրությունը, վերհանել թերություններն ու բացերը և ներկայացնել առաջարկություններ օրենսդրության բարելավման ուղղությամբ:
ԹԻՀԿ առաջարկությունները միտված են հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների և պարտականությունների օրինավոր և մասնավոր շահերի ազդեցությունից զերծ, անկողմնակալ և անշահախնդիր իրականացման ապահովմանը և պաշտոնատար անձանց հանրային և մասնավոր շահերի հստակ սահմանազատմանը, ինչը կնպաստի նաև հանրային հաստատությունների նկատմամբ հասարակության վստահության խթանմանը:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին մի շարք խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են շահերի բախման օրենսդրական ձևակերպման անհստակությունը, շահերի բախման կառավարման նորմերի անկատարությունը, շահերի բախման կանխարգելման և բացահայտման մեխանիզմների անկատարությունը: Քննարկման մասնակիցները հիմնականում համակարծիք էին բարձրացված հիմնախնդիրների և դրանց լուծման անհրաժեշտության հարցում, իսկ լուծման տարբերակները լրացուցիչ քննարկման կարիք ունեն` առաջարկները օրենսդրական նախագծի վերածելու համար:
Կարդացեք նաև
Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև ԹԻՀԿ պատրաստած սոցիալական անիմացիոն հոլովակը` շահերի բախման վերաբերյալ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ