Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության խորհուրդ դատավորը ներկայացել է իր երկու փաստաբաններով

Հունիս 26,2015 17:17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի հարցով քիչ առաջ Արդարադատության խորհուրդը մտավ խորհրդակցական սենյակ: Առաջին անգամ Արդարադատության խորհրդի նիստը դռնբաց էր: Արդարադատության խորհրդում քննության դրվեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի այս տարվա մայիսի 11-ին դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը: Հանձնաժողովի անունից հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանը, բացատրություն տվեց հանձնաժողովի անդամ Թադեւոսյանը, իսկ բացի Իշխան Բարսեղյանից, թե եզրափակիչ խոսքով, թե բացատրություններով եւ առարկություններով հանդես եկան նրա երկու ներկայացուցիչ փաստաբանները՝ պարոն Ավետիսյանը եւ Մուղնեցյանը: Դատավորը եւ նրա ներկայացուցիչները պահանջում էին կարճել այս որոշումը: Ըստ կարգապահական վարույթի՝ նշյալ կարգապահական հանձնաժողովը դեռեւս մարտի 30-ին տեղեկացրել էր դատավորին, որ տեղի է ունենալու էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստ, որը քննարկելու է այս տարվա փետրվարի 23-ից մինչեւ մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում դատական դեպարտամենտի կողմից կատարված 2014 թվականի դատավորի կողմից քննված գործերով «Դատական պրակտիկայի ամփոփման արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ» հարցը:

Դատավոր Ի. Բարսեղյանը հայտնեց, որ ինքը ներկայացել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի նիստին, որտեղ էլ իմացել է, որ իր վերաբերյալ տեղեկանք է կազմվել խախտումների վերաբերյալ, այն էլ 21 թերթից բաղկացած: Իշխան Բարսեղյանը չընդունեն իրեն վերագրված 30 տարբեր գործերով թույլ տրված «դատավարական խախտումները» եւ դա է եղել պատճառը, որ կարգապահական հանձնաժողովին ներկայացրել էր 30 էջից բաղկացած իր առարկությունները: Ըստ դատավորի՝ իր նկատմամբ ցուցաբերվել է ակնհայտ սուբյեկտիվ մոտեցում եւ ուշագրավ է այն, որ դատավորներից բաղկացած կարգապահական հանձնաժողովին «ամբաստանյալ» դատավորը մեղադրում է, որ նա ղեկավարվել է «քանակը որակ է տալիս սկզբունքով»:

Թե դատավորը, թե նրա երկու ներկայացուցիչները փորձեցին ճշտել, թե ինչ ասել է դատական պրակտիկայի ամփոփում եւ թե ինչպես են իրականացվել դատական պրակտիկայի ամփոփման անվան տակ երկու շաբաթ ընթացած ստուգումները: Այդ ստուգումների վերաբերյալ եղել է տեղեկանք, սակայն թե տեղեկանքը ում կողմից է կազմվել եւ ստուգվել, զեկուցող Թադեւոսյանը չկարողացավ պատասխանել:

Ի դեպ, հենց այդ տեղեկանքի հիման վրա է որոշում կայացվել՝ կարգապահական վարույթ հարուցվել: Դատավորին մեղադրել էին մի վեճի հետ կապված, որը կարճվել էր:

Այսօր Ի. Բարսեղյանն ասաց, որ X անվամբ փողոց չլինելու փաստը իր կողմից ընդունվել է, եւ քանի որ այն գոյություն չի ունեցել, ուստի գործը կարճվել է: Որքան հասկացանք, խոսքը գնում էր Բորիս Տեատրովսկի փողոցի մասին: Դատավորի կողմից մեկ այլ «խախտում» էլ կապված է եղել «Երեւանջուր» ընկերության եւ գոյություն չունեցող փողոցի ոմն բնակչի» միջեւ առկա վեճին: Դատավորը պնդում էր, որ ինքը կարճել է, քանի որ գոյություն չունեցող բնակավայրի բնակչի եւ «Երեւանջուր» ընկերության միջեւ վեճը դատարանում քննության ենթակա չի եղել:

Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանը մի այսպիսի միտք հայտնեց, որ բացի քաղաքացիների բողոքներից, տեղեկություններ ստացվել են նաեւ համացանցից, իսկ փաստաբանների այն հարցին, թե ինչ ընթացակարգով է հանձնաժողովի անդամ Թադեւոսյանը զեկուցող ճանաչվել, Մ. Մարտիրոսյանն ասաց, որ դռնփակ են լինում կարգապահական հանձնաժողովի նիստերը եւ որ այդտեղ էլ որոշում է ներկայացուցչի հարցը: Արդարադատության խորհրդին հանձնաժողովը նաեւ հայտնել էր, որ դատավորը 2014թ. 14 գործով վճիռները ուշացումով է կողմերին ուղարկել, մինչդեռ, ըստ դատավոր Ի Բարսեղյանի՝ 2014-ին շուրջ 900 քաղաքացիական գործերից ընդամենը 14-ի վճիռներն են ուշացվել, այն էլ ոչ իր մեղքով, այլ աշխատակազմի, նաեւ այն պատճառով, որ ինքը գտնվել է արձակուրդում, հետեւաբար իր կողմից դատական օրենսգրքի խախտման մասին խոսք լինել չէր կարող:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930