Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան ուղղված է հայ-ռուսական դաշինքի դեմ»

Հունիս 26,2015 16:50

«Այս երիտասարդ մարդիկ ապացուցեցին բոլորին, որ լավագույն տղերքը մնացել են, եւ նրանք ձերբազատված են այն զառամյալ հիշողությունից, պատմությունից, դժբախտություններից»,- հունիսի 26-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա համեմատեց «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը 1965 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած հավաքի հետ. «Մենք ճիշտ նրանց նման էինք, դուրս եկանք փողոց, սարսափելի էր, մեզ թվում էր, որ դա անհնար է. մայիսի 1-ից, նոյեմբերի 7-ից բացի, այլ օր հայերը հավաքվե՞ն որեւէ տեղ, նույնիսկ ստադիոնը փոքրիկ էր, բացի ֆուտբոլից, ուրիշ տեղ հայերն իրավունք չունեին հավաքվելու: Եվ հանկարծ մենք հավաքվեցինք, ասացինք՝ ո՛չ, անխոհեմություն էր՝ Սովետական Միությանն ասել ոչ, կորչի՛ ձեր դաշինքը Թուրքիայի հետ, եղել է ցեղասպանություն, մենք անարդարության ենք ենթարկվել: Հիմա այդ մարդիկ 50 տարի հետո վեր են կացել, նույն բանն են ասում: Շատ լավ է, շնորհակալություն երիտասարդ մարդկանց»:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան ուղղված է հայ-ռուսական դաշինքի դեմ. «Ռուսաստանը մեզ լքում է, պարոն Եղիազարյա՛ն, Ձեզ արդեն լքել է նա»: Ի պատասխան այս հայտարարության՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասաց՝ «Ընկեր Օբաման Ձեզ ողջունում է»:

«Ռուսաստանը Ձեզ՝ որպես ռուսասեր, լքել է: Հիմա Հայաստանին, հայ ժողովրդին է լքում, որովհետեւ եթե դու քեզ հայտարարում ես Հայաստանի դաշնակիցը, հովանավորն ես, բարեգործն ես, խնամակալը, հայ ժողովրդի խնամակալի փափախը դրել ես, ման ես գալիս, աշխարհին ասում ես՝ ես հովանավորում եմ հայ ժողովրդին ու հետո մտնում ես հայ ժողովրդի գրպանը, կողոպտում ես նրան, փոխանակ՝ օգնես, դու նրան թալանում ես: Սեպտեմբերի 3-ի մեր այդ նվաստացուցիչ պայմանը նա է, որ մենք պետք է ապրենք ճիշտ այնպես, ինչպես ռուսները, ռուսներից տասն անգամ վատ ենք ապրում: Եթե դու չես կարողանում մեզ պահել, հովանավորել, միայն մեդալներ ես ուզում եւ շնորհակալությունը մեզնից, ուրեմն՝ դա կա՛մ, կա՛մ-ն է: Դու պետք է ընտրես, եթե հովանավորն ես, բարեգործն ես, ուրեմն՝ բարի գործդ արա եւ հովանավորի, եթե դու ի վիճակի չես դա անել, ուրեմն՝ դու թող մեզ ազատ, թո՛ղ մենք կապրենք, մեր կյանքը կկազմակերպենք, մեր էներգետիկան կկազմակերպենք»,- իր խոսքը շարունակեց Ազատ Արշակյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930