Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Հունիս 26,2015 16:21

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված էր երեք հարց: Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ. Վարդանյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 211-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի կատարման ընթացքը: Խոսելով վարչության գործառույթների մասին՝ զեկուցողը նշեց. «Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրն օրակարգային է։ Սփյուռքահայության ստվար հատվածը չի տիրապետում կամ մասնակիորեն է տիրապետում մայրենի լեզվին։   «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի շրջանակներում մշակվել և գործարկվում են ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանը՝ www.libmindiaspora.am, Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանը՝ www.armdiasporamuseum.com, Արևելահայերենից՝ արևմտահայերեն և հակառակը փոխարկիչ ծրագիրը (այժմ ISMA ինտերնետային լեզվային կենտրոն) www.translator.am, և ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» ամենօրյա էլեկտրոնային թերթը՝ www.hayernaysor.am: Գրադարանում յուրաքանչյուր ամիս թվայնացվում և տեղադրվում է 3.000 – 3.500 էջ ծավալով նյութ: Նորություն է կայքի «Համաշխարհային գրականություն» բաժինը, որտեղ սկսել ենք տեղադրել համաշխարհային գրականության ընտրանին՝ հայերեն թարգմանությամբ։

Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանի կայքը ստեղծվել և թողարկվել է 2012 թվականին Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի առիթով, նպատակ ունենալով ներկայացնելու հայ ժողովրդի պատմությունը, ներկան և ապագայի տեսլականը, աշխարհասփյուռ հայության և Հայաստանի Հանրապետության կապի խնդիրները՝ առաջնորդվելով «Հայերը մեկ ազգ են՝ անկախ բնակության վայրից», և «Բոլոր հայերի Հայրենիքը Հայաստանն է» կարգախոսներով:

Զեկուցողն անդրադարձավ նաև Հայկական սփյուռքի տարբեր հատվածներում լեզվապահպանության խնդրի լուծման առաջնային միջոց համարվող առցանց բազմալեզու բառարանների նոր ձևաչափի ստեղծմանը, որոնք մեկտեղված են www.translator.am հասցեում գործող ինտերնետային փոխարկիչ ծրագրի գործառույթներին զուգահեռ: Այսօր www.translator.am  կայքի այցելությունների միջին ամսական թիվը կազմում է 25000-30000:

Վ. Վարդանյանը ներկայացրեց նաև նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի իրականացրած աշխատանքները, ըստ որի՝ հրապարակվել է շուրջ 4200 լրատվական նյութ, 240 հոդված, ակնարկ, վերլուծական նյութեր, 144 հարցազրույց:

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց» 2015-ի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը: Նա մասնավորապես նշեց. «2015 թվականը ծրագրի իրականացման 4-րդ տարին է՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ 2012 թվականից իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը: Յուրաքանչյուր տարի մեծանում է ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը, դպրոցը դառնում է Սփյուռքի կողմից, թերևս, ամենապահանջված   ծրագրերից մեկը և արդեն կայացած կառույց է:

Եթե 2012 թվականին նախատեսված 70 մասնակցի փոխարեն  Ամառային դպրոցն ընդունել է 131 մասնակից՝ 15 երկրից, ապա 2013 թվականին նախատեսված 100-ի դիմաց մասնակցել է 201 սփյուռքահայ՝ 20 երկրից, 2014թ. նախատեսված 100-ի դիմաց՝ 222 սփյուռքահայ, աշխարհի 22 երկրից: 2015թ. նախատեսված է 250 սփյուռքահայի մասնակցություն»:

Ամփոփելով իր խոսքը՝ Գ. Գյանջումյանը նշեց, որ ուսումնական, տեսական  և գործնական պարապմունքներին զուգահեռ՝ կիրականացվի նաև միջոցառումների, թանգարաններ այցելությունների, շրջագայությունների, հանդիպումների ծրագիր:  «Սփյուռք» ամառային դպրոցի բացումը կկազմակերպվի հայոց լեզվի դասընթացի հանդիսավոր մեկնարկով, իսկ փակումը՝ օգոստոսի 1-ին հավաստագրերի հանձնման արարողությամբ»:

Հայրենադարձության և հետազոտությունների վարչության 2014-2015թթ. իրականացրած աշխատանքների վերաբերյալ զեկուցեց վարչության պետ Գ. Արշակյանը:

Զեկուցողն անդրադարձավ հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած քննարկումներին, գիտաժողովներին ու համաժողովներին: 2014թ. իրականացվել է «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ» խորագրով կլոր սեղան-քննարկում, Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում՝ «Հայոց ցեղասպանության 100–րդ տարե­լի­ցին նվիրված միջոցառումները համակարգող Եվրոպայում գործող տարածա­շրջա­նա­յին հանձ­նախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների» հավաք-հանդիպում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջո­ցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներ­կայացուցիչների հավաք-հանդիպում:

Գ. Արշակյանն անդրադարձավ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին:

Ներկայացվեցին նաև 2015թ. Հայոց ցեղասպանութ­յան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձ­նաժողովի 5-րդ ընդլայնված նիստի, «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի, «Ցեղասպանության հանցագործության կան­խարգել­ման և պա­տա­ս­խանա­տ­վութ­­յան միջազգային իրավական հիմնախնդիր­նե­րը» միջազգային գիտա­ժո­ղո­վի աշխատանքները:

Զեկուցողն անդրադարձավ նաև վարչության կողմից իրականացվող պար­բե­րա­կան հետազոտություններին:Նա նշեց, որ ամենշաբաթյա ուսումնասիրության շրջանակներում մշակվում և պարբերաբար ներ­կա­յաց­վում են արագ արձագանքման տեղեկանքներ հայկական և օտար­եր­կրյա մամուլում Սփյուռքի համայնքների, հայության և համահայկական նշանա­կութ­յուն ունեցող հիմ­նա­խնդիր­ների վերաբերյալ: Պարբերական ուսումնասիրություններ և հետազոտություններ են կատարվում տար­բեր եր­կրներում Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա շուրջ ընթացող գործըն­թացների վերա­բերյալ:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին ու բացթողումներին,  և կարևորեց սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ, նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցության ապահովելուն ուղղված՝ վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ուղղակի Հրանուշները լացացրին: Գնացեք Բաղրամյան մարդկանց սատարելու այ դեմագոգներ!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930