Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մութաֆյան. «Այսօր ինչ-որ բան սպասվում է, Սերժ Սարգսյանը մի խաղ կխաղա»

Հունիս 26,2015 15:12

«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը փողոց է դուրս եկել լուծելու ոչ թե քաղաքական խնդիրներ, այլ առաջադրելու սոցիալական օրակարգ: Առաջին անգամ է նաև այն, որ ոտքի է կանգնել ոչ թե սոցիալական տարբեր խավերի համախումբը, այլ երիտասարդությունը»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թատերագետ Լևոն Մութաֆյանը: Ըստ նրա` «Ոչ թալանին» նախաձեռնության` ընդդեմ հոսանքի սակագնի թանկացման ակցիաները մարտահրավեր է բոլոր այն մարդկանց, որոնք վաղուց ապրում էին կրավորականության մեջ:

Aravot.am-ի հարցին` ստեղծված իրավիճակից ի՞նչ հնարավոր ելքի ճանապարհներ կան, պարոն Մութաֆյանը պատասխանեց. «Վատատես եմ, այն առումով, որ շատ վաղուց մենք ժողովրդապետություն չենք, որտեղ ժողովրդի խոսքը ընկալելի ու ընդունելի լինի և իշխանությունները փորձեն բանակցությունների միջոցով հասնել որոշակի խնդիրների լուծման: Երեք-չորս օր ցույցեր էին տեղի ունենում, ու միայն երեկ կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ»:

Անդրադառնալով ՀՀ կառավարության` 105000 ընտանիքներին փոխհատուցելու որոշումը, պարոն Մութաֆյանը նկատեց, թե կառավարությունն այդ իրավասությունը չուներ, քանի որ բյուջեից են այդ հատկացումները, իսկ ԱԺ-ն նման հարց չի քննարկել:

Պարոն Մութաֆյանը մտավախություն ունի, որ եթե այսպես շարունակվի, սոցիալական ընդվզումը կվերածվի քաղաքական ընդվզման` իշխանությունների հրաժարականի պահանջի և անվստահության. «Ենթադրում եմ, որ եթե այս շարժումը չվիժեցվի, սա կվերածվի քաղաքական հուժկու պոռթկման: Իսկ վիժեցումը կենդանի պատի ձևավորումն էր: Առաջին իսկ պահից չեմ վստահել կենդանի պատին, քանի որ տեսել եմ այնտեղ դեմքեր, որոնք իշխանության սպասարկուներն են: Երբ Աշոտ Կարապետյանը հայտարարեց, որ մենք այս կենդանի պատը ստեղծել ենք, որ ցուցարարների հետ բանակցություններ վարի Բաղրամյան փողոցը դատարկելու համար, հասկացանք, որ սա իշխանական պատվեր է: Նիկոլի գործունեությունը գոնե վերջին երկու տարիներին հուշում է մի բան, որ նա կատարում է իշխանության պատվերը, նրա ելույթները համաձայնեցվում են իշխանության հետ, այդ պատճառով էլ իշխանականները նրա ելույթները լսում են հումորով: Հիշում ենք, թե ինչպես նա կլոունադայի վերածեց ու վիժեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը, նույնն էլ հիմա, նա հրաշալի տիրապետում է քաղաքական տեխնոլոգիաներին»:

Լևոն Մութաֆյանը պատահական չի համարում այն, որ հենց Նիկոլ Փաշինյանը բանակցություններ վարեց ՀՀ ոստիկանապետի հետ ու հայտարարեց, թե երեկոյան հարբած մարդիկ են շրջում, մինչդեռ ինքն օրեր շարունակ այնտեղ է, ալկոհոլի հոտ չի առել:

Հարցին` ի՞նչ հնարավոր զարգացումներ սպասել, մանավանդ, որ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Հայաստան, պարոն Մութաֆյանը պատասխանեց. «Իշխանությունները կգնան որոշակի փոխզիջման, քանի որ այսօր դրված է նրանց մնալ-չմնալու հարցը` պապաների Կրեմլի կողմից: Այնտեղ հոգնել են Սերժ Սարգսյանից»:

Լևոն Մութաֆյանի համար պատահական չեն նաև Պետդումայում հնչած այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանին Յանուկովիչի ճակատագիրն է սպասվում, կամ Պուտինի ականջները համարվող Արա Աբրահամյանն է քննադատում ՀՀ իշխանությանը:

Ուստի Լևոն Մութաֆյանի կարծիքով` Սերժ Սարգսյանն այսօր քայլ կանի, բայց ոչ կացնային, քանի որ սահմանադրական բարեփոխումների մեջ գտնվող նախագահը չի որոշի կորցնել իր պաշտոնը. «Սերժ Սարգսյանն իր վարքագծին բնորոշ մի խաղ կխաղա: Կարող է կանչի ասի՝ Ռոբերտ Նազարյան, սիրուն չի, կամ հանդիպում կկայանա նրա ու ցուցարարների միջև, քանի որ այժմ վակուում է առաջացել»:

Մեր հարցին` նաև լուծվում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հա՞րցը, Լևոն Մութաֆյանը պատասխանեց. «Սա ձեռնտու էր իշխանություններին՝ Հովիկ Աբրահամյանից ազատվելու համար, քանի որ նա այս երամից չէ, նրա աթոռը դրված է աճուրդի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    կոֆեի բաժակի մրուրի մեջ էլ բան չտեսաք՞ 😀 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930