Ամփոփվել են փետրվարից մեկնարկած՝ Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղերի և ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության 1-6-րդ դասարանների աշակերտների Երևանի քաղաքային մրցումների արդյունքները:
ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղերում դպրոցականները մրցել են բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, ձեռքի գնդակ, թեթև աթլետիկա, կոխ մարզաձևերում։ Ազգային ժողովի գավաթի մրցումներում դպրոցականները հաղթանակի համար պայքարել են ֆիզկուլտուրայի ծրագրային վարժաձևերում` հեռացատկ, վազք, գնդակի նետում, ձգում, փոխանցումավազք։
Հաղթանակած դպրոցներին ու անհատ մարզիկներին մրցանակներն ու գավաթները հանձնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը շնորհավորել է հաղթողներին և պարգևատրել Երևանի քաղաքապետի պատվոգրերով։
Պարգևատրվել են նաև լավագույն արդյունքներ գրանցած վարչական շրջանները։ Ընդհանուր արդյունքներով՝ առաջին տեղերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որին հետևում են Շենգավիթ ու Դավթաշեն վարչական շրջանները։
ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղերի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության 1-6-րդ դասարանների աշակերտների քաղաքային մրցումների փուլին հաջորդելու է հանրապետական փուլը։
Երևանի քաղաքապետարան